Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ՍԱՔ-4 վարկի երկրորդ մասաբաժնի հատկացումը Հայաստանին


Շաբաթ օրը Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակին մոտ կանգնած աղբյուրից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ երեկ ՀԲ տնօրենների խորհուրդը վերջապես հաստատել է Կառուցվածքային բարեփոխումների 4-րդ վարկի (ՍԱՔ-4) երկրորդ՝ 15 միլիոն դոլար մասաբաժնի հատկացումը Հայաստանին։ Այս գումարով կառավարությունը կարող է փակել անցյալ տարվա բյուջեից մնացած պարտքերը։

Այս մասաբաժնի հատկացումը անցած տարվա հոկտեմբերին հետաձգվել էր՝ կապված ակնկալվածից ցածր հարկային մուտքերի հետ: Հետաձգվել է նաեւ ՍԱՔ-4-ի երրորդ՝ 20 մլն դոլար մասաբաժնի հատկացումը, ինչը կապվում էր բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ: Համաշխարհային բանկի պաշտոնատարները հայտարարել են, որ դրանց մասնավորեցման երկու մրցույթների ձախողումը հետեւանքն էր «համաշխարհային շուկայում տեղի ունեցած անսպասելի փոփոխությունների», ուստի այդ մասաբաժինն էլ կհատկացվի 2002 թվականի առաջին եռամսյակում:

Համաշխարհային բանկի փորձագիտական խումբը ամփոփել է Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տասնամյա տնտեսական բարեփոխումների արդյունքները։ Բանկի փորձագիտական խումբը գնահատականներ է տվել ոչ միայն դիտարկվող երկրների տնտեսություններին, այլեւ նրանցում ձեւավորված քաղաքական համակարգերին:

«Անցումային շրջան. առաջին տասնամյակի վերլուծություն եւ դասեր» վերնագրված զեկույցի հեղինակները շեշտել են, թե բարեփոխումների տասնամյա ժամանակահատվածում առայժմ շահել է Արեւելյան Եվրոպայի երկրների միայն մի մասը. Հունգարիան, Չեխիան, Լեհաստանը, Սլովենիան: Այս երկրներին ոչ միայն հաջողվել է վերականգնել 1990 թվականի տնտեսական զարգացման մակարդակը, այլեւ՝ զգալիորեն գերազանցել այն:

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա նրանցից եւ ոչ մեկին չի հաջողվել վերականգնել «մինչանկախական» ժամանակների մակարդակը, թեեւ, նրանց մեծ մասին հաջողվել է վերականգնել իրենց տնտեսությունների կեսից ավելին։

Հայաստանը այս երկրների խմբի մեջ է. տասը տարվա ընթացքում հաջողվել է վերականգնել է մեր տնտեսության 67 տոկոսը։ Ամենից ցածր ցուցանիշներ ունեն Վրաստանը, որին հաջողվել է վերականգնել իր տնտեսության միայն 29 տոկոսը, Մոլդովան՝ 35 տոկոսը, եւ Ուկրաինան՝ 43 տոկոսը։

Տարածաշրջանի երկրների տնտեսական բարեփոխումների սոցիալական արդյունքներին վերաբերող հատվածը, սակայն, հուսադրող չէ Հայաստանի համար: Դիտարկված 24 երկրների մեջ Հայաստանն ունի առավել բեւեռացված հասարակությունը՝ սոցիալական բեւեռացման երեւույթը նկարագրող ցուցանիշը՝ այսպես կոչված Ջիննի գործակիցը, Հայաստանում ամենաբարձրն է եւ զգալիորեն գերազանցում է սոցիալական անհավասարության առումով Հայաստանին առավել մոտ գտնվող Ղըրղզստանում ու Տաջիկստանում գրանցված ցուցանիշները:

Այդուհանդերձ, համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթի կարծիքով, Հայաստանի նկատմամբ Ջիննի գործակիցը կիրառելիս պետք է զգույշ լինել, քանի որ հաշվետվության մեջ այն ներկայացվել է՝ ելնելով սոսկ պաշտոնական թվերից, որոնցում արտացոլված չէ ստվերային եկամուտների շարժը:

Համաշխարհային բանկի փորձագետները դիտարկվող երկրները, ըստ քաղաքական ձեռքբերումների, չորս խմբի են դասակարգել՝ մրցունակ ժողովրդավարության երկրներ, կենտրոնացված քաղաքական ռեժիմներ, անմրցունակ դեմոկրատիայի երկրներ եւ պատերազմից հյուծված երկրներ: Այս վերջին խմբի մեջ էլ, ի թիվս Ադրբեջանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ալբանիայի եւ Մակեդոնիայի, մտել է Հայաստանը:

Օուեյս Սաադաթը այս փաստին էլ վերապահությամբ է վերաբերում: «Եթե Հայաստանը համեմատենք միջինասիական երկրների հետ, ապա կարող ենք տեսնել, որ Հայաստանը ավելի շուտ քաղաքական մրցունակության երկիր է, այստեղ ավելի շատ քաղաքական կուսակցություններ կան, այստեղ կա մամուլի եւ խոսքի ազատություն։ Բայց եւ չի կարելի ժխտել, որ արտաքին գործոնը Հայաստանի տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունի», - ասաց նա։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG