Մատչելիության հղումներ

logo-print

Ականազերծման կենտրոնը կբացվի փետրվարին


Դեռ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության Էջմիածնի ինժեներական զորամասի տարածքում ընթանում են Ականազերծման կենտրոնի շինարարական աշխատանքները:

«Այդ աշխատանքներն ընթանում են Միացյալ Նահանգների պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության ֆինանսական ծախսերի հաշվին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների ռազմական համագործակցության վարչության պետ գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը: - «2002թ համար նույնպես որոշակի ֆինանսավորում նրանք ապահովում են, հետագայում երեւի կգտնվեն հովանավորներ, որ կկարողանան աջակցել այդ մարդասիրական գործին»:

Անցյալ տարի Պենտագոնը 300 հազար դոլար էր հատկացրել այդ նպատակների համար, իսկ 2002 թվականին Հայաստանին որպես ռազմական օգնություն հատկացվելիք 4.3 մլն դոլարից, ինչպես անցած տարվա դեկտեմբերի Երեւանում ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ բանակցություններից հետո ասել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, գումարներ են հատկացվելու ականազերծման կենտրոնին:

Բարձր որակավորում ունեցող սակրավորներ Հայաստանում, իհարկե, կան, վստահեցնում է գեներալ-մայորը: Անցյալ տարի նոյեմբերին հայ սակրավորների մի ջոկատ Թբիլիսիում մասնակցել է Հարավային Կովկասի հանրապետությունների համար կազմակերպված հատուկ դասընթացներին:

Ընդհանրապես Կենտրոնի գործունեության սկզբնական շրջանում հիմնական շեշտը դրվելու է դասընթացների վրա, որովհետեւ սարքավորումներն ու ծրագրերն ամերիկյան չափանիշներին են համապատասխանում, եւ դրանց դեռ պետք է ծանոթանալ:

Արդեն համակարգվել եւ դասակարգվել են այն ուսումնասիրությունները, որ կատարվել են ականազերծման ենթակա գոտիներում: Պարոն Մելքոնյանի փոխանցմամբ, «հատկապես Ղափանի, Սյունիքի շրջանում շատ տարածքներ կան, որոնք ականազերծման կարիք ունեն»:

Փետրվարի կեսերին նախատեսված է բացել ականազերծման կենտրոնը եւ ամենայն հավանականությամբ նույն օրն էլ կստորագրվի հայ-ամերիկյան գործակցության համաձայնագիրը:

Ըստ Միքայել Մելքոնյանի, տարածաշրջանում առայժմ նման կենտրոն չկա, եւ եթե կենտրոնը հետագայում կարողանա գերազանց կատարել իր գործառույթները, ապա պաշտպանության նախարարության մասնագետները չեն բացառում, որ այն էլ ավելի ընդլայնի գործունեության շրջանակներն ու ունենա տարածաշրջանային նշանակություն:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG