Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ, «ԱրմենՏել»-ի հետ բանակցությունների արդյունքում «ձեռքբերված նորամուծությունները բնակչության համար դրական առումով անակնկալ ու անսպասելի էին»: Ըստ այդմ էլ՝ տարակուսելի ու վրդովմունքի է արժանի, որ ոմանք, մասնավորապես Արշակ Սադոյանը, հիմա էլ պնդում են, թե շարունակելու են պայքարը: Մեկնաբանը սա որակել է ձանձրալի պոպուլիզմ, մեծ հաշվով թեման համարելով սպառված:

«Որ պայմանավորվածությունը թեկուզ սահմանափակ հարցերի վերաբերյալ ձեռք բերվեց, ընդհանուր առմամբ դրական իրադարձություն էր», - գնահատում է «Ազգ» թերթը: - ««ԱրմենՏելն» ու կառավարությունն իրար չեն մեղադրում կամ հակադրվում, բնակիչներն արդեն գիտեն, թե երբ եւ որքան պետք է վճարեն, իսկ համակարգի համար որոշակի պատկեր է հստակեցվել»:

«Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, այդ փաստն արդեն իսկ վկայում է հայկական կողմի թույլ դիրքերի մասին», - առավել շեշտադրում է, սակայն, «Ազգ»-ի թղթակիցը, թվարկելով. - «Բջջային կապի որակը շարունակում է անհուսալի մնալ, իսկ խոսակցության սակագները գոնե առայժմ չնվազեցին: Միջազգային ելքի համար կապուղիների վարձակալության սակագների հարցը մնաց առկախ: Սա այն գործոններից է, որը զսպող ազդեցություն է ունենում մեր երկրի համար գերակայող ճյուղ հայտարարված ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վրա»:

Ներդրումների հարցում կառավարությունը միակողմանի զիջում արեց. «Վերջապես գլխավորը՝ «ԱրմենՏելի» մենաշնորհի հարցը, որը հունական կողմը հրաժարվեց քննարկել»: Ընդհանուր առմամբ, «Ազգ»-ում ընդգծված է. «Ներկայիս կառավարությունը եւ ամբողջ բնակչությունը բախվում են «ԱրմենՏելի» վաճառքի պայմանագրի հետեւանքներին: Ունենալով ոչ շահավետ պայմանագիր՝ չի կարելի շահավետ պայմաններ ակնկալել կամ մեզ ձեռնտու զիջումներ ստանալ»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն էլ բնավ խանդավառված չէ: «Այսօր մենք կարող ենք արձանագրել շարքային արտասահմանյան ընկերության առջեւ մեր կառավարության անզորության հերթական փաստը եւ արկածախնդրական պայմանագիրը վերանայելու նրա անկարողությունը», - նշում է նա: - «Բնակչության համար ամսական վեց ժամ անվճար խոսելու հնարավորության ձեռքբերումը բնավ սկզբունքային հարց չէ. րոպեավճարը մտցված է, եւ մենք այսօր կարող ենք խոսել ընդամենը ավելի բարձր վարձավճարները ոչ այնքան հեռու ժամկետների տեղափոխելու մասին»:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության շուրջ «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը ասել է. «Խորհրդարանում կգտնվեն մարդիկ, ովքեր մահապատժի կիրառման մասին օրենքի նախագիծ կներկայացնեն... Եվ եթե լինի նման օրենք, ապա նույնիսկ երկրի նախագահը չի կարող չկատարել օրենքը»։

«Եթե նրանք իմանան, որ իրենց մահապատժի են ենթարկելու՝ կերգեն», - ակնարկում է Դալլաքյանը։ - «Ակնհայտ է, որ դրսի ուժերը հենվել են ներսի որոշակի ուժերի վրա, կամ՝ ստացել են նրանց լուռ համաձայնությունը»։ Շահագրգիռ ուժերի շրջանակը գծագրվում է այսպես՝ «դրսի ուժեր, ներսի որոշակի քաղաքական ուժեր եւ մաֆիան»: Վիկտոր Դալլաքյանի կարծիքով էլ, «Հոկտեմբերի 27»-ը շարունակվում է։ Շարունակվում է եւ' ինֆորմացիոն, եւ' քաղաքական ոլորտում։ «Մի շատ կարեւոր խնդիր կա։ Պետք է աշխատի ժողովրդի գործոնը», - առանձնացնում է նա: - «Իմ սպասելիքը դատարանից դուրս գտնվող մարդկանցից է։ Իսկ ժողովուրդը Սահմանադրությամբ պահանջատեր լինելու իրավունքն ունի»։

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկատվությամբ, «Ար» հեռուստաընկերության վերահսկիչ փաթեթը գնել է ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը, ընդ որում՝ ոչ իր կամքով: Սա եւս կապվում է գալիք ընտրությունների հետ. «Այն, որ ընտրություններին ընդառաջ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ իրենց վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցների թիվն ավելացնելու համար, պարզ է: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այդ հեռուստաընկերությունների տերերը իշխանությունների կողմից վերահսկվող բիզնեսմենները լինեն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG