Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիացի միջնորդը փարիզյան համաձայնությունները լավ հիմք է համարում հետագա աշխատանքի համար





«Փարիզյան բանակցությունները թույլ տվեցին ստեղծել երկու հակամարտող կողմերի համաձայնությամբ ընդունված մի հիմք, որի վրա հենվելով, կարելի է շարունակել աշխատել», - Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանագահ Ֆիլիպ դե Սյուրմենը: - «Փարիզյան եռակողմ հանդիպումը մենք շատ կարեւոր ենք համարում, քանի որ այն համաձայնեցված մի հիմք ստեղծելով նոր հեռանկարներ է բացում բանակցությունների հետագա զարգացման համար»:

Անցած տարվա գարնանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հասան համաձայնությունների, որոնք ամրապնդվելով Ֆլորիդայի քիուեսթյան հանդիպումից հետո, բավական հուսադրող դարձրին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Անցած ամռանը Ժնեւում ծրագրված վճռորոշ հանդիպումը, սակայն, չկայացավ: Իսկ ադրբեջանական կողմը սկսեց հերքել, թե փարիզյան սկզբունքներն առհասարակ գոյություն են ունեցել:

Անցած շաբաթ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակման առիթով նախագահ Քոչարյանին ուղղված ուղերձում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հույս էր հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի փարիզյան սկզբունքների հիման վրա: Նույնաբովանդակ մի ուղերձ էլ Շիրակը հղել է Արդբեջանի նախագահին:

Ֆիլիպ դը Սյուրմենը այսօր չբացահայտեց, իհարկե, փարիզյան բանակցությունների բովանդակությունը, ասելով, որ դրանք գաղտնի պահել են ցանկանում նախագահներ Հեյդար Ալիեւը եւ Ռոբրետ Քոչարյանը:

«Մենք մշտական կապի մեջ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, եւ չնայած երկկողմանի բանակցություններում վերջին շրջանի որոշ դադարին, ես կարող եմ ասել նույնիսկ, թե մենք երբեք չենք աշխատել այնքան, որքան այժմ», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Ֆիլիպ դը Սյուրմենը: - «Մինսկի խմբի երեք երկրների նախագահները՝ Բուշը, Պուտինը եւ Շիրակը էական են համարում ղարաբաղյան բանակցությունների առաջընթացը, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը մեծ վտանգ է ներկայացնում ողջ շրջանի համար»:

Նա ասաց, որ զինադադարի պահպանումը վկայում է հակամարտության կողմերի շատ բանական վերաբերմունքի մասին: Այդուհանդերձ, այդ իրադրությունը չի կարող շարունակվել անվերջ:

«Ես կարծում եմ, որ այդ շրջանը ռազմավարական բացառիկ կարեւորություն ունի, եւ դրանով է պայմանավորված որ Մինսկի խմբի երկրների նախագահները մտադիր չեն աչքաթող անել Ղարաբաղի խնդրի լուծումը», - ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG