Մատչելիության հղումներ

Գյումրիում բացվեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը


Ուրբաթ օրը Գյումրիի «Ալհմաս» հյուրանոցային համալիրում հանդիսավորությամբ բացվեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը:

«Գյումրիում շարունակում է տեղակայված մնալ ռուսաստանյան զորքերի թիվ 102 հենակետը, ինչը վկայում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր քաղաքը մնում է Ռուսաստանի եւ Հայաստանի հարավային սահմանների հուսալի հենարանը», - ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը, ավելացնելով, որ հյուպատոսություն հիմնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 3-4 տարի առաջ:

Հայաստանի պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ վերջին տարիներին երկու երկրների փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ասաց. «Կարծում եմ, որ մոտ մեկուկես ամսից կվերջացնենք տնտեսական ոլորտում ձեռնարկված առաջին լուրջ գործը, եւ Հայաստանում կգործեն ռուսաստանյան տնտեսական սուբյեկտներ: Կսկսենք Երեւանից եւ, Աստված տա, կտեղափոխվենք նաեւ Գյումրի եւ հանրապետության մյուս շրջաններ»:

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս նշանակված Պյոտր Սուլիմկոն նշեց, որ ջանալու է նպաստել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ոչ միայն բարձր քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցության զարգացմանը: «Իմ պարտականությունների մեջ մտնում է մշակութային, կրթական ոլորտներում կապերի հետագա զարգացմանն աջակցելը», - ավելացրեց Պյոտր Սուլիմկոն:

Գյումրիում կա կազմակերպված ռուսական համայնք, անցյալ տարվանից գործում է Ռուսաստանի աջակցությամբ կառուցված թիվ 6 կրթօջախը, աշխատում է «Ռուսհայշին» շինարարական կազմակերպությունը:

Ըստ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, քաղաքապետարանն արդեն հող է հատկացրել հյուպատոսարանի շենքի համար:


Արտյոմ Չեռնոմորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG