Մատչելիության հղումներ

Կողմերը գոհ են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստի արդյունքներից


Հինգշաբթի օրը Երեւանում ավարտված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները գոհացուցիչ են համարում ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները:

«Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախմբի թվով չորրորդ հանդիպումը մինչ այժմ անցկացվածների մեջ ամենից արդյունավետն է», - այսօր հայտարարեց հանձնախմբի համանախագահ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպային եւ Եվրասիային տրամադրվող օգնությունը համակարգող դեսպան Ուիլյամ Թեյլորը, ավելացնելով, որ քննարկվել է այն խնդիրը, թե ամերիկյան կառավարության օգնությունը ինչպե՞ս կարող է օժանդակել Հայաստանի տնտեսության զարգացման եւ դեմոկրատացման ոլորտներին:

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ասաց, թե երկօրյա քննարկումների ընթացքում մեր կառավարությունը ամերիկյան կողմին է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսի՝ այդ տարի Հայաստանին տրամադրած 90 մլն դոլարի ֆինանսական օգնության օգտագործման բոլոր ծրագրերը։ Ըստ այդմ, ամերիկյան օգնության հիմնական մասը դարձյալ ուղղվելու է էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ առողջապահության բնագավառների տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորմանը։ Ըստ դեսպան Թեյլորի, Հայաստանի կառավարության առաջարկած ծրագրերի գերակշիռ մասը իրենց կողմից ընդունելի է։

Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, համաձայնություններ են ձեռքբերվել ահաբեկչության դեմ ջանքերը կոորդինացնելու վերաբերյալ։ Բանակցությունների ընթացքում հայկական կողմը հավաստիացրել է, թե մեր մասնավոր բանկերում ահաբեկչական նպատակների ծառայող գումարներ հայտնաբերվելու դեպքում դրանց շարժը սպասարկող հաշիվները անմիջապես կսառեցվեն:

Ըստ նախարարի, հայկական կողմը նաեւ խոստացել է խստացնել արտահանմանը վերաբերող օրենսդրությունը, որով կբացառվի Հայաստանի տարածքով զանգվածային ոչնչացման զենքի տարանցման հնարավորությունը։ Ամերիկյան կողմը, ի պատասխան, խոստացել է ավելացնել Հայաստանից ամերիկյան շուկա ծխախոտի կիսամշակ հումքի արտահանման քվոտաները, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հակակոռուցիոն ծրագրի մշակմանը։

Ամերիկյան կողմը, կարծես, սկսել է ավելի լոյալ վերաբերել Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը: Դեսպան Թեյլորն այսօր ասաց, թե իրենց համար միանգամայն պարզ ու ընդունելի է Հայաստանի՝ էներգակիրների ստացման աղբյուրները ավելի զանազանակերպ դարձնելու ցանկությունը։ Դա էներգետիկ անվտանգության խնդիր է, նշեց նա։

Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, ամերիկյան կողմը, սակայն, բացառել է իր ընկերությունների մասնակցությունը գազամուղի շինարարությանը, վկայակոչելով ներդրումներին վերաբերող ամերիկյան օրենսդրությունը, որով արգելվում են ներդրումները Իրանում:

Եվ մի խնդրի մասին, որի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են հայ-ամերիկյան հանձնախմբի աշխատանքի սկզբնավորումից ի վեր ու չի երեւում, թե վերջապես լուծում գտնվել է: Խոսքը երկու երկրների կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերող համաձայնագրի ստորագրման մասին է։

ԱՊՀ երկրներից Միացյալ Նահանգները նման պայմանագիր ստորագրել է միայն Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ։ Այսօր արդեն, նման համաձայնագիր ստորագրելու պահանջով հանդես են գալիս ոչ միայն, հայաստանցի, այլեւ, ամերիկացի՝ հիմնականում ամերիկահայ գործարարները:

Երեկ, ըստ Հայ դատի ամերիկյան հանձնախմբի տարածած տեղեկատվության, երկու հայամետ կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Հոլլենբերգը այս հարցով դիմել են ամերիկյան գաձապետական դեպարտամենտի տնօրեն Փոլ Օ՛ Նիլին, խնդրելով արագացնել Հայաստանի կառավարության հետ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրումը։ Կոնգրեսականները իրենց դիմումի մեջ շեշտել են, թե կրկնակի հարկման բացառումը կխթանի երկու երկրների փոխադարձ առեւտուրը ու կավելացնի ներդումները։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG