Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեզ այնքան են համոզել, որ պետական մասշտաբի բոլոր ձախողումների պատճառն անկատար օրենսդրությունն է, որ շատերին թվում է՝ այդպես էլ կա... ։ Ահա ինչու ոմանք խանդավառությամբ ընդունեցին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունման լուրը», - անդրադառնում է «Առավոտ» թերթը, այս դաշտին ուղղված հոռետեսական հայացքով գրելով. «Ի՞նչ կպատահի, եթե նորընտիր նախագահը կամ կառավարող ուժը որոշեն ազատվել քաղաքացիական պաշտոններում Քոչարյանի դրածոներից եւ հանրապետական վարչապետի կիսագրագետ հովանավորյալներից։ Քաղաքական նման փոփոխության պարագայում կկարողանա՞ն Խորհրդի անդամներն ընդդիմանալ իրենց նոր շեֆերի ճնշումներին... Իհարկե՝ ոչ։ Քանի որ նախագահը ունի ինչպես Խորհրդի անդամներին նշանակելու, այնպես էլ՝ ազատելու լիազորություն։ Ահա եւ Քոչարյանի «իրավահաջորդը»՝ իրեն չենթարկվելու պատճառով կարող է Խորհրդի անդամներին ուղարկել գրողի ծոցը», - բխեցնում է «Առավոտ»-ը։ - «Այսպես թե այնպես, Խորհրդի անդամները մանր կամակատարներ են՝ անկախ գործող օրենքից։ Ավելի ստույգ՝ օրենքի համաձայն»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի դիտարկմամբ՝ «Անդրկուլիսյան վերջին խոսակցությունների եւ իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս մի շատ հետաքրքիր միտում. ավելի ու ավելի հաճախ է սկսում գործել Սերժ Սարգսյան-Անդրանիկ Մարգարյան տանդեմը, եւ այս երկու գործիչների շահերը վերջերս ավելի ու ավելի են զուգահեռվում»:

Սրա հավանական պատճառներից նախ առանձնացնելով հակադաշնակցական ճակատի գործոնը, մեկնաբանը ավելի խորքային առումով տեսնում է վարչապետի պաշտոնում ավելի երկար աշխատելու՝ Անդրանիկ Մարգարյանի, եւ վարչապետ չնշանակվելու՝ Սերժ Սարգսյանի համատեղվող ցանկություններից բխող բազմաքայլ գործողություններ: Մասնավորապես ընդգծված է, թե «Սերժ Սարգսյանին ակնհայտ ձեռնտու չէ վարչապետի պաշտոնում նշանակվելը: Քանի որ նրա՝ վարչապետ նշանակվելով կսկսվի ՀՅԴ եւ նախագահական սվիտայի երազած պերմանենտ փոփոխությունների շրջանը, ու այսպիսով վարչապետի պաշտոնը կարող է հիանալի ցատկահարթակ հանդիսանալ նաեւ խաղից դուրս մնալու համար»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանությամբ, նախընտրական տարվա տրամաբանությունը թելադրում է «ոչ աղմկոտ կադրային փոփոխություններ, այնպես որ կադրային հեղափոխություն չի լինի, թեեւ հին թղթակապուկը հիմնովին մաշվել է եւ դրա խաղաքարտերից յուրաքանչյուրը կարող է խիստ վարկաբեկել արքային»: Ըստ մեկնաբանի, վերլուծաբանները համակարծիք են, որ մինչեւ ներկա խորհրդարանի լիազորությունների ավարտը նախագահը դժվար թե վարչապետի պաշտոնում անհանգստացնի հանրապետականների ղեկավարին:

«Մեր տնտեսությունը կայուն է, բաց եւ մրցունակ, ու շուկայական քաղաքականությունը շարունակվում է», - «Ազգ»-ի հարցազրույցում գնահատում է նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: - «Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքը գործարար աշխարհում»:

«Մյուս կողմից խստիվ խորացել է դասակարգային բեւեռացումը, քանի որ տնտեսական աճը մեր հասարակության մեջ անարդար է բաշխվում... Անցումային տնտեսություն ունեցող երկրներից ամենախիստ բեւեռացումը արձանագրվում է հենց Հայաստանում»: Ներսիսյանցի շեշտադրմամբ՝ «Խիստ անբավարար են նաեւ պետական ներդրումները սոցիալական ենթակառուցվածքներում՝ կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ... մենք դեռեւս սպառում ենք համայնավար կարգերից ժառանգած սոցիալական ենթակառուցվածքներն ու մարդկային կապիտալը եւ չենք ներդնում բավարար ռեսուրսներ՝ ապագա տնտեսական աճը ապահովելու համար»:

«Եթե այս անարդար վիճակը շարունակվի, մեզ կտանի չափավոր ազատականության փոխարեն դեպի անտառայինը, եւ դա կարող է հակասել մեր սահմանադրական կարգի հիմունքների հենց առաջին հոդվածին», - ասում է նախագահի խորհրդականը, պետության ֆինանսական արյունահոսությունների կանխումը պայմանավորելով նախ եւ առաջ արհեստավարժ ու ազնիվ կառավարություն եւ կադրեր ունենալու պահանջով:

Հարցազրույցում անդրադարձ կա նաեւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի հայտարարությանը, թե «միջազգային ֆինանսական կազմակերպությունները դրժել են իրենց խոստումը, եւ ինքը ընդհանրապես խիստ կասկածում է այդ կազմակերպությունների հետ համագործակցությանն ու անվստահություն է հայտնում դրանց»:

Վահրամ Ներսիսյանցը արձագանքում է. «Այդպիսի անզուսպ արտահայտությունները անընդունելի են թե ձեւով եւ թե բովանդակությամբ: Ձեւով դրանք հարվածում են մեր պետականությանը, իսկ բովանդակությամբ՝ արժեզրկում մեր կառավարության կարողությունը: Խորհուրդ կտայի, որ երկխոսությունները լինեն սառը տրամաբանական, վերլուծական եւ արհեստավարժ հիմքերով, որպեսզի համոզելու հնարավորություն լինի: Հրապարակային պոռթկումներով որեւէ հարց չի լուծվում»:

«Մեր պատասխանը Եվրոպային» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթը քննարկում է մահապատժի վերացման դրույթը, ամփոփելով. «Կասկածից վեր է, որ վաղ թե ուշ Հայաստանը, որպես եվրոպական ընտանիքի անդամ, ստիպված կլինի օրենսդրորեն վերացնել մահապատիժը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Հարցը պետք է դրվի հետեւյալ կերպ. պատրա՞ստ է դրան արդյոք մեր երկիրը այսօր: Մեր կարծիքով, ներկայումս դա կլիներ վաղաժամ», - ընդգծել է «Հայոց Աշխարհ»-ը: - «Մենք պիտի դիտարկենք մահապատիժը որպես ժամանակավոր միջոց: Երբ թույլ տան պայմանները,՝ այն կվերացվի: Սակայն այդ գործընթացի արհեստական արագացումը կարող է բերել անցանկալի հետեւանքների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG