Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետի ցուցմունքի, Պողոսյանը բազմաթիվ վնասվածքներ ուներ


«Առագաստ» սրճարանում անցած տարվա սեպտեմբերի 25-ին Պողոս Պողոսյանի սպանության գործի դատավարությունը մոտենում է եզրածգին: Այսօր հրապարակվեցին դատաբժշկական երկու փորձաքննությունների եզրակացությունները, ապա փորձագետները ցուցմունք տվեցին ու պատասխանեցին կողմերի հարցերին:

«Կզակին ձախից եւ ստորկզակային շրջանում միմյանցից մեկուկես սանտիմետր հեռավորության վրա կան մեկական ոչ կանոնավոր ձեւի բաց կապտամանուշակագույն արյունազեղումներ», - ասաց փորձագետ Շավարշ Գեւորգյանը: Նրա խոսքերով, վնասվածքներ, արյունազեղումներ եւ քերծվածքներ են հայտնաբերվել նաեւ սպանվածի բազուկների, դաստակի եւ ծնկի վրա, ինչը վկայում է, որ կռիվ, ծեծկռտուք եղել է:

«Վերը նշված բոլոր վնասվածքներն առաջացել են կենդանության օրոք բութ առարկաների ներգործությամբ, եւ գանգուղեղային վնասվածքը առանձին վերցված կենդանի անձանց մոտ դասվում է մարմնական ծանր վնասվածքների շարքին, որպես կյանքին վտանգ սպառնացող», - ասաց փորձագետը:

Ըստ փորձաքննության եզրակացության, Պողոսյանը միջին աստիճանի խմածության վիճակում է եղել, եւ խմել էր մահից 3-4 ժամ առաջ:

Փաստաբան Ռուբեն Սահակյանի միջնորդությամբ, ցուցմունք տվեց Պողոս Պողոսյանի եղբայրը: Անդրանիկ Պողոսյանը նախ կասկած հայտնեց նախաքննության օբյեկտիվության առնչությամբ՝ հայտարարելով, թե քննիչները կեղծիքներ են կատարել: Սպանվածի եղբոր կասկածն է հարուցել այն, որ ըստ քրեական գործի, Աղամալ Հարությունյանը դեպքի մասին եւ փաստորեն ինքն իր դեմ ցուցմունք է տվել սեպտեմբերի 26-ին, սակայն մեղադրանք նրան առաջադրվել է միայն երկու ամիս հետո:

Անդրանիկ Պողոսյանը նաեւ ասաց, որ չեն հարցաքննվել կինոռեժիսոր Ռոման Բալայանը, նրա կինն ու դուստրը, ինչպես նաեւ այն անգլիախոս օտարերկրացին, որն առաջինն է տեսել ու այդ մասին հայտարարել, որ նախագահի թիկնապահները մարդ են սպանել:

Վկաներից մի քանիսի ցուցմունքով, ի դեպ, այդ քաղաքացին Եվրախորհրդի փաստաթուղթ է ներկայացրել: Վկա Վարուժան Ծառուկյանն էլ իր ցուցմունքում ասել է, որ օտարերկրացին նաեւ սրճարանում հայտարարել է, թե դեսպանատանը զեկուցելու է դեպքի մասին:

Ըստ մեղադրող Սարիկյանի, նախաքննության մարմինը փորձել եւ չի կարողացել գտնել այդ քաղաքացուն:

Ռուբեն Սահակյանը միջնորդեց գտնել եւ դատարանում հարցաքննել Անդրանիկ Պողոսյանի նշած վկաներին, բայց դատարանը միջնորդությունը միայն մասամբ բավարարեց: Որոշեց դիմել արտգործնախարարությանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, հանրապետությունում գործող միջազգային կազմակերպություններին՝ օտարերկրացուն գտնելու նպատակով:

Անդրանիկ Պողոսյանը նաեւ մեղադրեց դատախազության քննչական մարմնին՝ իր եղբոր լուսանկարչական ապարատը, նրա գրպանում եղած 5000 դոլար գումարը չվերադարձնելու համար: Ամերիկահայ մի բարերարի կողմից տրամադրված այդ գումարը, ըստ սպանվածի եղբոր, նախատեսված էր Ջավախքի գյուղերից մեկի դպրոցի վերանորոգման համար:

Դատական նիստը կշարունակվի վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG