Մատչելիության հղումներ

Եվրոպական չափանիշներին համապատասխանող միակ ինքնաթիռի անսարքության պատճառով դադարեցվել են թռիչքները դեպի Եվրոպա


Հայաստանից Եվրոպա օդային ուղեւորափոխադրումներն ապահովող «Հայկական ավիաուղիներ»-ի միակ «Էյրբաս Էյ 310» ինքնաթիռը հունվարի 21-ին Երեւան-Փարիզ չվերթը կատարելիս «Զվարթնոց» օդանավակայան է վերադարձել օդ բարձրանալուց 20 րոպե հետո՝ շարժիչներից մեկի անսարքության պատճառով:

2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, Փարիզի «Շառլ դը Գոլ» եւ Ամստերդամի «Սքիփոլ» օդանավակայանները բացառության կարգով «Հայկական ավիաուղիներ»-ին թույլատրել էին չվերթներ իրականացնել խորհրդային արտադրության ինքնաթիռներով, որոնց աղմուկի չափերը գերազանցում են եվրոպական նորմատիվները: Այս տարի բացառությունն այլեւս չի գործում, հետեւաբար Հայաստանից Եվրոպա այսօրվա վիճակով կարելի է թռչել միայն «Բրիթիշ Էյրուեյզ» եւ «Օսթրիըն էյրլայնզ» ավիաընկերությունների ինքնաթիռներով:

«Հայկական ավիաուղիներ»-ի ղեկավարությունից հնարավոր չեղավ մեկնաբանություններ ստանալ, թե ինչպես է ավիաընկերությունը պատրաստվում դուրս գալ ստեղծված իրավիճակից, քանի որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը Մոսկվայում է, իսկ «Հայկական ավիաուղիներ»-ի նորանշանակ տնօրեն Ալբերտ Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հարցերին սպառիչ պատասխաններ կտա մի քանի օրից միայն:

Վերջին չորս ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, որ օդում խնդիրներ են առաջացել «Էյրբաս Էյ 310» ինքնաթիռի շարժիչների հետ: Սեպտեմբերի 17-ի երկուշաբթի օրը կրկին Երեւան - Փարիզ չվերթը կատարելիս ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան էր վերադարձել օդ բարձրանալուց 15 րոպե անց: Այն ժամանակ մեկ-երկու շաբաթվա ընթացում նոր շարժիչ բերվեց Բրյուսելից եւ թռիչքների անխափան իրականացումը վերականգնվեց:

«Հայկական ավիաուղիներ»-ը շաբաթական իրականացնում է դեպի Եվրոպա վեց թռիչք՝ երկուական դեպի Փարիզ, Ֆրանկֆուրտ եւ Ամստերդամ:

Հունվարի 21-ի չվերթի ուղեւորներին ավիաընկերությունը հանձնառել է իր միջոցներով մինչեւ հինգշաբթի օրը հասցնել իրենց ուղեւորության նպատակակետին՝ այլ ավիաընկերությունների միջոցով:

Թե ինչ միջոցներով եւ ում հաշվին պիտի վերանորոգվի շարժիչը կամ նոր շարժիչ ձեռքբերվի՝ «Հայկական ավիաուղիների», ապահովագրական ընկերության (որին արվող մեծ մուծումների մասին բազմիցս ասել են ոլորտի ղեկավարները), թե այն ընկերության, որը լիզինգով տրամադրել է ինքնաթիռը, առայժմ հստակ չէ:

«Ազատություն» ռադիոկայանը կարողացավ ոչ պաշտոնական աղբյուներից տեղեկանալ, որ ներկայումս Մոսկվայում բանակցություններ են վարվում եվրոպական օդանավակայանների նորմատիվները բավարարող ՏՈՒ-154Մ տիպի ինքնաթիռ վարձակալելու մասին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG