Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը կոչ է անում հետաձգել սահմանադրական փոփոխությունների գործընթացը





Նախորդ տարիներին Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնած Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց. «Կոչ կանեի սահմանադրական փոփոխության այս գործընթացը հետաձգել առավել բարենպաստ ժամանակների»:

Կողմ լինելով խորհրդարանական Սահմանադրության նախագծին, Վազգեն Մանուկյանը համարում է, որ Սահմանադրությունը «ընդհանրապես չարժե փոխել», փաստակելով, թե Հանրաքվեի մասին օրենսդրությունն այնքան խիստ է, որ մեկ տարբերակ դրվի հանրաքվեի, թե երկուսը, բավարար քանակով կողմ ձայներ չի հավաքելու:

Իսկ դա նշանակում է կմնա գործող Սահմանադրությունը, «որը ժողովրդի մեծ մասը, այդ թվում նաեւ ես, համարում է կեղծ ընդունված: Դրա վրա մեկ այլ կեղծ բան է գալիս... այս իրար նկատմամբ անվստահության դաշտում մի հատ նոր կեղծիք պիտի նախապատրաստվի, որը ոչ մի օգուտ մեր ժողովրդին չի բերի», - ասաց նա:

Ըստ օրենքի, հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրացուցակներում ընգրկվածների մեկ երրորդը:

«Վերջին տարիների փորձը Հայաստանի, այնուամենայնիվ, ինձ էլ է բերում եզրակացության, որ խորհրդարանական հանրապետությունը Հայաստանի համար ավելի ճիշտ է», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Նրա գլխավորած Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), հինգ այլ կուսակցությունների հետ միացել է խորհրդարանական կառավարման սահմանադրական նախագծին:

ԱԺՄ նախագահը համարում է, որ «ծիծաղելի կլիներ», եթե որեւէ մեկը պնդեր, թե 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները անցնելու են ազատ եւ արդար: Բայց՝ «Միաբեւեռ իշխող ուժ չկա, որը մի թիմ դարձած, մեկը մյուսին ուս տալով, միասին կեղծելով, ջարդել-փշրելով գնում են առաջ» եւ «դիմացն էլ ուժ չկա. բոլոր ուժերը փոշիացած են»:

Անդրադառնալով լրատվամիջոցների տարածած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինայի մտքին, թե քանի որ 2002-ը նախընտրական տարի է Հայաստանում եւ Ադրբեջանում, փոքրանում է Ղարաբաղի խնդրի լուծման հարցում կողմերի խուսանավելու հնարավորությունը, Վազգեն Մանուկյանը «տարօրինակ» բնորոշեց ձեւակերպումը, քանի որ, նրա խոսքերով, նախընտրական շրջաններում թե' Հայաստանում եւ թե' Ադրբեջանում միջազգային կազմակերպությունները աշխատում էին ճնշումներ չգործադրել Ղարաբաղի հարցում, քանի որ դա ներքին շահարկման նյութ էր դառնում:

«Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում չի կարող հարյուր տոկոսով գոհացուցիչ լինել ո'չ հայ ժողովրդի համար, ո'չ էլ Ադրբեջանի ժողովրդի համար: Ընտրություններից առաջ ոչ մեկը գլուխը այդ ծուղակի մեջ կաշխատի չմտցնել», - ասաց Վազգեն Մանուկյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG