Մատչելիության հղումներ

Պետական գույքի կառավարման նախարարը առաջընթաց է արձանագրում փոքր եւ միջին օբյեկտների մասնավորեցման գործում


Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը համարում է, որ իր տնօրինած բնագավառի գլխավոր հիմնախնդիրը մասնավորեցման դանդաղ ընթացքն է: Գործող օրենքներն ու նորմատիվ ակտերը այնպիսին են, որ, մասնավորեցվող օբյեկտը չվաճառվելու դեպքում, վերստին պետք է ամիսներ շարունակ փաստաթղթեր նախապատրաստել՝ մրցույթի նոր փորձի համար, երբ ելքը կրկին անորոշ է։

Մինչդեռ, ըստ նախարարի կարելի է օբյեկտները մրցույթի անհաջող փորձից հետո պարզապես ուղղակի վաճառքով մասնավորեցնել: Այստեղ, սակայն, ոչ հրապարակային գործարք կատարելու համար մեղադրվելու վտանգ կա:

«Ես կողմ եմ, որ դնենք մեկ անգամ մրցույթի, եւ եթե այդ մրցույթում չվաճառվեց, հետագայում չբացառել ուղիղ վաճառքը, ինչը, ես գտնում եմ, շատ դեպքերում ավելի արդյունավետ է լինում, քան մրցույթը»,- ասաց Դավիթ Վարդանյանը:

Դեռեւս 1996 թվականին գնահատված ու մինչեւ այժմ չվաճառված 1000-ից ավելի փոքր օբյեկտներ կան, որոնց գնահատված արժեքը մի քանի անգամ բարձր է շուկայական գնից, եւ գնորդներ չկան: Կառավարությունն անցյալ տարվա դեկտեմբերին որոշել էր, որ մինչեւ ընթացիկ տարվա մարտի 1-ը իրականցվի դրանց, այսպես ասած, էժանացրած վաճառքը: Գործընթացը, ըստ նախարարի, հաջող է ընթանում:

Պետական փոքր օբյեկտների վաճառքի մեկ այլ նորամուծություն էլ է արվել: Անցյալ տարվա վերջին Ազգային ժողովի որոշմամբ վճարման հետաձգմամբ նախկինում մասնավորեցված փոքր օբյեկտների պարտքերը զեղչվել են՝ 50-97 տոկոսով:

«Ես գտնում եմ, որ լավ քայլ է փոքր բիզնեսը զարգացնելու ուղղությամբ, քանի որ մարդիկ կարող են իրենց օբյեկտը դնել գրավ, վարկ վերցնել», - ասաց Դավիթ Վարդանյանը:

Խոշոր օբյեկտների մասնավորեցման գործընթացը այդքան էլ բարվոք չի ընթացել: Պատճառը, ըստ Դավիթ Վարդանյանի, միջազգային իրավիճակի վատացումն է սեպտեմբերի 11-ից հետո։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG