Մատչելիության հղումներ

logo-print



Անցյալ տարվա սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Երեւանի «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը այսօր ցուցմունքներ տալով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, կրկին իրեն մեղավոր չճանաչեց:

Ամբաստանյալն այսօր ամենայն մանրամասնությամբ նկարագրեց միջադեպը՝ նախագահ Քոչարյանի հեռանալու պահից ի վեր: Ըստ այդմ՝ սպանված Պողոս Պողոսյանը Ռոբերտ Քոչարյանի հեռանալու պահին բացականչել է՝ «Բարեւ, արա Ռոբ կամ Ռոբա»: Ինքը Պողոսյանին դիտողություն է արել, իսկ նախագահին ուղեկցելուց եւ վերջինիս հեռանալուց հետո նկատել է, որ մյուս թիկնապահ Գուրգեն Արսենյանը իր հետ չէ: Եվ քանի որ դեռ սրճարանում նստած ժամանակ իր կապի միջոցը խափանվել էր, ուստի ստիպված էր անձամբ գնալ եւ պարզել թե ինչ է պատահել: Աստիճանների մոտ տեսել է, որ մի տղամարդ, այսինքն՝ Պողոս Պողոսյանը, եւ մի քանի երիտասարդ կռվում են, իսկ Գուրգեն Արսենյանը փորձում է նրանց հանգստացնել: Ինքն էլ միացել գործընկերոջը:

Այդ ժամանակ, ըստ Աղամալ Հարությունյանի, Պողոս Պողոսյանը մի կողմ է հրավիրել իրեն, որպեսզի պատմի կռվի պատճառներն ու մանրամասները: Բայց, երբ հասել են դեպի զուգարան տանող միջանցքին, Պողոսյանը հարվածել է Աղամալ Հարությունյանի դեմքին: Աղամալ Հարությունյանը Պողոսյանի երկրորդ հարվածը կանխելու նպատակով թեթեւակի հրել է վերջինիս, եւ երկուսով ընկել են: Ընկած ժամանակ ամբաստանյալը նկատել է, որ հատակը թաց է: Եվ առանց նայելու, թե ինչ վիճակում է Պողոսյանը, վերցրել է գետնին ընկած բջջային հեռախոսն ու դուրս եկել: Դուրս գալու պահին ինչ-որ մեկը՝ ամբաստանյալի կարծիքով, Պողոսի ընկերներից, փորձում էր ներս մտնել, նրան էլ հրել է ու լքել սրճարանի տարածքը: Միայն հաջորդ օրը՝ կեսօրին, իբր մամուլից է իմացել, որ Պողոս Պողոսյանը սպանվել է:

Հաջորդ օրը, սակայն, մամուլում որեւէ տեղեկություն սրճարանում տեղի ունեցածի մասին դեռ չկար: Զարմանալի մի քանի հանգամանք եւս կա այս պատմության մեջ: Նախ, որ հասարակական վայրում Հանրապետության նախագահի անվտանգությունն ապահովող անձինք կարող են ծառայության գալ անսարք կապի միջոցներով: Երկրորդը, նախագահի մեքենայի հեռանալուց հետո թիկնապահները չեն ուղեկցում նրան մինչեւ վերջ:

Ի դեպ, Աղամալ Հարությունյանը ցուցմունքի սկզբում ասաց, որ սրճարանում երկու թիկնապահ էին, ինքը, որ օրվա պատասխանատուն էր, եւ Գուրգեն Արսենյանը, իսկ հետո փաստաբան Ռուբեն Սահակյանի հարցին, թե այդ օրը քանի թիկնապահ է եղել, չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե ծառայական գաղտնիք է:

Հիշեցնենք, որ առնվազն երկու վկա բոլորովին այլ ցուցմունք էին տվել: Ըստ սփյուռքահայ Վարուժան Ծառուկյանի, Պողոսյանի հետ դեպի զուգարան են գնացել երկու կոստյումով անձինք: Իսկ Ստեփան Նալբանդյանի վկայությամբ, որն այսօր էլ Աղամալ Հարությունյանի հետ առերես հարցաքննության ժամանակ պնդեց իր ցուցմունքը, զուգարանում ընկերոջը ոտքերով եւ ձեռքերով հարվածում էին մի քանի հոգի:

Առայժմ դժվար է տեսնել առաջացած հակասությունների դրդապատճառը: Մի բան անվիճելի է եւ բխում է օրենքից: Եթե դատաքննության ընթացքում ի վերջո պարզվի, որ Աղամալ Հարությունյանը զուգարանի տարածքում միայնակ չի եղել Պողոսյանի հետ, եւ իսկապես մի քանի հոգով են ծեծել տուժողին, ապա գործը պետք է ուղարկեն լրացուցիչ քննության, պարզելու, թե ում հարվածից է մահացել Պողոսյանը:

Իսկ որոշ դիտոդների վկայությամբ, այդ դեպքում էլ դժվար կլինի որեւէ հիմնավոր ապացույց գտնել, ուստի վերադարձից հետո դատախազությունը գործը պարզապես կկարճի:

Եվս մի քանի նիստ, եւ դատավոր Մարտիրոսյանը կկայացնի դատավճիռը: Ըստ նախնական տեղեկությունների, Պողոսյանի եղբայրը վճիռը բողոքարկելու մտադրություն, կարծես թե, չունի: Վերջինս, ի դեպ, այսօր դատարանում հայտարարեց, որ ուրբաթ օրը ինչ-որ մեկը հեռախոսով սպառնալիքներ են հղել իր եւ Ստեփան Նալբանդյանի հասցեին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG