Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի շաբաթօրյա լուսանկարային մեղադրանքի հերոսն այսօր Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի դղյակն է: «Մեկուկես տարի շարունակ կառուցվում էր այն՝ հաշվի չառնելով քաղաքացիների որեւէ բողոք եւ քաղաքաշինական որեւէ կանոն։ Հարց է ծագում՝ պետական պաշտոնյան այդ ի՞նչ փողերով է կառուցել. ժողովրդի՞ց, թե՞ խոշոր գործարարներից հավաքած հարկերով», - լուսանկարը շրջանակել է թղթակիցը՝ վերջերս գեներալի կոչում ստացած Արմեն Ավետիսյանի կարիերան խտացված ներկայացնելով որպես իրավախախտումների ու չարաշահումների ամբողջություն:

«Առավոտ»-ի տեղեկություններով, մոտ ժամանակներս ստեղծվելու է մաքսային եւ հարկային ամբողջ դաշտը վերահսկող մի ծառայություն՝ նախագահին կամ կառավարությանը կից, որը կգլխավորի հենց սույն պետական ծառայողը:

Առաջիկա երկուշաբթիից նախարարություններն ու գերատեսչությունները կներկայացնեն 2001 թվականի գործունեության իրենց հաշվետվությունը: «Հայկական ժամանակ»-ի շեշտադրմամբ, «այս միջոցառման արդյունքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կփորձի ազատվել իր համար անցանկալի նախարարներից, մասնավորապես, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանից»:

«Հայոց Աշխարհ» թերթի՝ «Ի՞նչ մթնոլորտով է սկսվել քաղաքական տարին» հարցին նախագահ Քոչարյանը պատասխանել է. «Ինձ եւ կառավարության համար՝ աշխատանքային մթնոլորտով: Պետք է առավել նպատակասլաց աշխատենք, որպեսզի կարողանանք պահպանել այն դրականը, ինչի հասանք անցած տարի՝ քաղաքական կայունության, միջազգային հանրության մեջ Հայաստանի ավելի խոր ինտեգրացում, տնտեսական լուրջ աճ, բազմահազար աշխատատեղերի ստեղծում, մշակութային աննախադեպ աշխուժացում»:

Դաշնակցության ղեկավարներից Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. «ՀՅԴ-ն ձախակողմյան կուսակցություն է: Բայց երկրում, որը տնտեսական փոսում է, եթե ոչ անդունդում, ինչպե՞ս պաշտպանես աշխատավորությանը, եթե այն որպես դասակարգ չկա, համատարած գործազրկություն է... Երբ աշխատավորությունը կրկին կվերաձեւավորվի որպես դասակարգ, սոցիալիստներս իսկապես աշխատանքի լայն դաշտ կունենանք», - պայմանավորում է Հովհաննիսյանը: Ներկայումս նա անիմաստ է համարում նաեւ սահմանադրական տարբերակների շուրջ բանավեճերը, առաջարկելով համախումբ աշխատել նախագահի ներկայացրած նախագծի վրա:

«Դաշնակցությունը հիմա էլ խորհրդարանական հանրապետության կողմնակից է», - նշում է Վահան Հովհաննիսյանը: - Բայց «երբ 1990-ական թվականներին այդ դիրքորոշմամբ էինք հանդես գալիս, պետության հիմքերը նոր էին դրվում, քաղաքական դաշտը այսօրվա պես կոռումպացված եւ կլանների ազդեցության տակ չէր: Այժմ իրավիճակը փոխվել է, եւ այս պայմաններում խորհրդարանական հանրապետության տարբերակը կարող է եւ չբերել դրական արդյունքի»:

«Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է, որ համոզվել է՝ Ազգային ժողովը «Հոկտեմբերի 27»-ի գործում չպետք է կորցնի իր քաղաքական դերը: Իսկ այդ դերը նա տեսնում է ոճրագործներին մահապատժի դատապարտելու եւ այն իրականացնելու մեջ: «Իսկ եթե կարծում են, թե դա մեծ կորուստ է, որ Եվրախորհուրդը չի հանդուրժելու, ապա գտնում եմ, որ ինչքան Եվրախորհուրդն է մեզ անհրաժեշտ, այնքան էլ մենք ենք Եվրախորհրդին անհրաժեշտ», - ասում է նա: - «Եթե մահապատիժը չլինի, առավել եւս՝ չկիրառվի, դա ազդելու է Հայաստանի հետագա զարգացման վրա»:

Գալուստ Սահակյանին նաեւ թվում է, որ «դատավարության ավարտին բավականին լուրջ նոր ինֆորմացիաներ կունենանք: Ես միշտ ասել եմ եւ նորից կրկնում եմ՝ դա ուղղորդված սպանություն էր, եւ եթե պատմության ակունքներով նայում ենք, երբ Հայաստանում եկել են ուժեր եւ անհատներ, որոնք կարող են որոշակիորեն զարգացում ապահովել, դա դուր չի եկել մեծ ու փոքր տերություններին մեր շրջապատի»:

«Ազգ» թերթում այսօր ամփոփված է, որ Թուրքիայի վարչապետի՝ Միացյալ Նահանգներ այցի «ակնկալիքները չեն արդարացել, պարզապես հիմնավորվել են մտահոգությունները»: Թուրքիան ԱՄՆ-ում ոչ թե իր առջեւ դրած խնդիրներն է լուծել, այլ կանգնել է նոր խնդիրների առջեւ, թեեւ ընդհանուր առմամբ շարունակվում է հատուկ կարեւորվել Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ Եվրոպայում: Իսկ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ սահմանափակվել է հետեւյալով. «Էջեւիթը հարաբերությունների բարելավումը պայմանավորել է Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերմամբ, իսկ Բուշը իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող այցագրային ռեժիմի վերացման առթիվ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG