Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթն առանձնացնում է, որ քաղաքացիական ծառայության խորհուրդ ձեւավորելու նախագահ Քոչարյանի երեկվա հրամանագիրը կարելի է սենսացիոն համարել թեկուզ այն պատճառով, որ այդ «խորհրդի նախագահի յուղոտ պաշտոնը, ի հեճուկս կանխատեսումների, բաժին է հասել ոչ թե «քաղաքացիական ծառայության» այնպիսի ասերի, ինչպիսիք են Խոսրով Հարությունյանը կամ Ալեքսան Հարությունյանը, այլ աննկատ այնպիսի մեկի, ինչպիսին է ԱԺ «Միասնություն» խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Վերջինս խորհրդարանում անգամ լրագրողների համար աննկատ մարդ էր եւ երբեք «Միասնություն» դաշինքի վերնախավի անդամ չի եղել»:

Այս նշանակումը զանազան մեկնաբանությունների տեղիք կարող է տալ, բայց դրանցից հատկապես մեկն է, ըստ «Հայկական ժամանակ»-ի, արժանի ուշադրության. «Տպավորություն է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել է փոխել իր քաղաքական շրջապատը եւ թարմ դեմքերի ընկերակցությամբ ներկայանալ հասարակությանը: Այդ տպավորությունը է՛լ ավելի հիմնավոր է դառնում, երբ ծանոթանում ենք խորհրդի կազմին ընդհանրապես... անունները հանրությանը ոչինչ չեն ասում, միեւնույն ժամանակ ասում են շատ կարեւոր բան: Քոչարյանը քաղաքացիական ծառայողներին, այսինքն՝ պետական չինովնիկներին է համարում իր թիվ մեկ քաղաքական հենարանը»:

Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հայացքով, «քաղաքական դաշտում առաջին հստակեցումները տեղի կունենան առաջիկա 2-3 ամիսներին, երբ կուսակցությունները կսկսեն ճշտել իրենց դիրքորոշումները սահմանադրական փոփոխությունների հետ կապված, կհստակեցնեն, թե կառավարման ինչ տարբերակի են կողմնակից»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Տիգրան Թորոսյանը ասում է. «Իմ գրահատմամբ, քաղաքական դաշտում վերջին շրջանում ձեւավորվող միավորումները ավելի շուտ նախընտրական նպատակներ ունեն: Նախորդ փորձը հաշվի առնելով, դրանց ճակատագիրը լավատեսություն չի ներշնչում... Ավելի կարեւոր խնդիր եմ համարում հենց կուսակցությունների առողջացումը, քան դաշինքների հրատապ ստեղծումը: Նման գործընթաց նախաձեռնելը, մեր կարծիքով, դեռ վաղ է»:

«Դժբախտաբար, քաղաքական ուժերի բաժանումը, մեծ մասամբ, ոչ թե ըստ գաղափարների ու ծրագրերի է, այլ իշխանությանը դեմ կամ կողմ լինելու սկզբունքից ելնելով», - արձանագրում է Տիգրան Թորոսյանը: «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի ուրվագծմամբ էլ, «2003 թվականի սկզբներին պարզ կդառնա, որ Հայաստանի քաղաքական դաշտի յուրաքանչյուր բեւեռում առկա երկվորյակները եւ' տվյալ բեւեռի ներսում են, եւ' դրանից դուրս՝ իշխանամետ կամ ընդդիմադիր ճամբարներում, ինչի հետեւանքով ողջ քաղաքական դաշտը կներկայացնի 3 (ձախ, կենտրոնամետ, աջակողմյան) բեւեռներից յուրաքանչյուրում տեղավորվելու փորձեր անող միաժամանակ 2 (իշխանամետ եւ ընդդիմադիր) ենթաբեւեռների համակարգ»:

«ոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը մեկնարկող նախընտրական տարում կանխատեսելի է համարում, որ իշխանությունը կձգտի խուսափել իր անունը շոշափող աղմուկներից, միաժամանակ մեծացնելով առկա զարգվածային լրատվամիջոցների վրա ազդեցությունն ու ստեղծելով նորերը: «Կասկածից դուրս է, սակայն, որ այս անգամ վարդագույն խոստումները չեն օգնի», - ընդգծում է մեկնաբանը: - «Զանգվածային գիտակցության վրա հեռուստատեսության ազդեցությանն էլ հույս դնել չարժե. մեր հեռուստաալիքները վերջին տարիներին այնքան երկար են իրար հետ մրցել ապաքաղաքական անճաշակություններով, որ դրանցում որեւէ մեկի հանդես գալը՝ թեկուզ ամենալուրջ քաղաքական հայտարարություններով, կարող է ընկալվել իբրեւ ինքնածաղրանմանակում:

Հարցը, թե քանի մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, մինչ օրս անպատասխան է։ Ասում էին, թե հաշվարկները պատրաստ կլինեն մարտին։ Հիմա էլ պարզվում է, թե «շատ հավանական է, որ մարդահամարի վերջնական թվի հրապարակումը հետաձգվի անորոշ ժամանակով», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - Պաշտոնական բացատրություններում պատճառը շատ պրոզայիկ է. չեն բավականացնում համակարգիչները, որշանում են միջազգային դոնոր կազմակերպությունների խոստացած գումարները:

«Այնպես որ, եթե մարդահամարի արդյունքների հրապարակումն ուշանա (անպայման այդպես էլ կլինի), հնարավոր կլինի մեղադրել բոլորին, բայց ոչ մեր հարազատ ղեկավարությանը, - շեշտադրել է «Առավոտ»-ը։ - Եվ կմատուցվի, թե «իշխանություններն ամենեւին էլ մեղավոր չեն, որ առաջիկայում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակները դարձյալ անկատար կլինեն»։

«Ազգ» թերթի մեկնաբանի մատուցմամբ, Միացյալ Նահանգները ԼՂ հարցի կարգավորումը կապում է 2003 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների հետ, կողմերին ուզում է խաղաղություն պարտադրել եւ ցանկանում է, որ հարցը լուծվի մինչեւ այս տարվա վերջը:

«Դիվանագիտական վստահելի աղբյուրները կարծիք են հայտնում, որ ԱՄՆ-ի համար ոչ այնքան կարեւոր է հարցի կարգավորումը, որքան ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ռազմական ներկայության հաստատումը կամ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը», - սեւեռում է մեկնաբանը, այս առումով ընդգծելով՝ «րեթե ութ տարի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հարաբերական խաղաղություն է, ավելի կայուն վիճակ, քան կարող էին ապահովել ցանկացած խաղաղարար ուժեր: Թերեւս, խաղաղարարների մուտքն արդարացնելու նպատակով են ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդհանրապես անտեսում պաշտոնական Բաքվի՝ հայկական կողմին ուղղված սպառնալիքները: Որքան Հեյդար Ալիեւի՝ պատերազմ սկսելու մասին հայտարարությունները հաճախակի եւ բարձր հնչեն, այնքան արդարացված ու թվացյալ անհրաժեշտ կլինի խաղաղարարների շուտափույթ մուտքը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG