Մատչելիության հղումներ

Հայամետ կոնգրեսականները հորդորում են Բուշին Էջեւիթի հետ հանդիպման ընթացքում անդրադառանալ հայկական հիմնախնդիրներին


Թուրք-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին Անկարան հանդես եկավ այսպես կոչված բարի կամքի մի ժեստով՝ մեղմացնելով վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար, որը խստացվել էր Ֆրանսիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:

Ըստ նոր կանոնակարգի, հայաստանցիները այժմ կարող են այցելել Թուրքիա առանց նախապես վիզա ձեռք բերելու: Թուրքիայի ցանկացած սահմանային անցակետում Հայաստանի քաղաքացին 10 դոլարով կարող է վիզա գնալ եւ մտնել երկիր:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Թուրքիան առայժմ պաշտոնապես չի տեղեկացրել Հայաստանին վիզային նոր ռեժիմի մասին:

«Այդ պահի դրությամբ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունենք: Այդուհանդերձ, վիզային ռեժիմի մեղմացման հետ կապված կուզեի նշել, որ դա դրական անդրադարձ կարող է ունենալ հայ եւ թուրք ժողովուրդների շփումների եւ ընդհանուր մթնոլորտի բարելավման վրա», - ասաց Ձյունիկ Աղաջանյանը:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, Թուրքիան փոխել է վիզային ռեժիմը Հայաստանի նկատմամբ Սպիտակ տան ճնշումների արդյունքում:

Երեկ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանք Փալոնը եւ Ջո Նոլենբերգը հատուկ նամակ են հղել Ջորջ Բուշին՝ մտահոգություն հայտնելով, որ չնայած վիզային ռեժիմի մեղմացմանը, Թուրքիան շարունակում է շրջափակումը Հայաստանի նկատմամբ, փորձում է դուրս թողնել Հայաստանը անվտանգության եւ զարգացման տարածաշրջանային պայմանավորվածություններից:

«Ադրբեջանում ռազմական հենակետեր բացելու Թուրքիայի ծրագրերը եւ Ղարաբաղյան հակամարտույթան հարցում ադրբեջանամետ կեցվածքը, ինչպես նաեւ փակ սահմանները միայն ապակայունացնում են տարածաշրջանը», - ասված է կոնգրեսականների նամակում:

Նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի խաղաղության եւ կայունության առանցքն է, ամերիկացի կոնգրեսականները հորդորում են Ջորջ Բուշին բարձրացնել այս բոլոր հարցերը Բուլենթ Էջեւիթի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք գիտենք որ ԱՄՆ-ը բարձրացրել է եւ կբարձրացնի նորից Հայաստանի շրջափակման եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը, ավելացնելով, որ ինքը տեղեկություններ չունի Բուլենտ էջեւիթի եւ հայկական համայնքի հանդիպման մասին:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի խոսնակ էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Էջեւիթի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրեր իրենք էլ լսել են, սակայն հադիպումը եթե անգամ կայանա, Հայ Դատի հանձնախումբը չի մասնակցելու դրան:

«Այսօր Ամերիկա-թուրքական հարաբերություններում վճռական բեկում կարող է լինել», «Ամերիկան կարող է վարձահատույց լինել մահմեդական աշխարհի իր ամենահավատարիմ ու անվարան աջակցին», - այսպիսի մեկնաբանություններով են Բուշ - Էջեւիթ հանդիպման նախօրեին լույս տեսել թուրքական եւ ամերիկյան թերթերը:

Թուրքիայի ակնկալիքներն առաջին հերթին տնտեսական են: Անկարան մինչեւ այսօր բողոքում է, որ Իրաքի դեմ առաջին պատերազմից հետո թուրքական տնտեսությունը շարունակում է շոշափելի կորուստներ կրել, եւ այդ կորուստները հասնում են շուրջ 50 միլիարդ դոլարի:

Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցի այդ վնասները՝ բարենպաստ առեւտրական կարգավիճակ սահմանելով Ամերիկա ներմուծվող թուրքական ապրանքների համար, ազատ առեւտրի ռեժիմ սահմանելով (Իսրայելի նմանությամբ), խթանելով կապիտալ ներդրումները Թուրքիայում:

Բացի այդ, Էջեւիթը պահանջելու է իր դաշնակցից ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաքու-Ջեյհան խողովակաշարի կառուցման ծրագրին, որի իրագործումը, թուրքերի համոզմամբ, կնվազեցնի ԱՄՆ-ի կախվածութjունը մերձավորարեւելյան նավթից եւ կթուլացնի ռուսական տիրապետությունը Միջին Ասիայում եւ Կովկասում:

Թուրքիայի վարչապետին, սակայն, շատ է մտահոգում Հյուսիսային Իրաքում քրդական անկախ պետության ստեղծման հեռանկարը: Մտահոգվելով, որ այդպիսի պետության ստեղծումը կխթանի անջատողականությունը սեփական երկրի քրդական շրջաններում, վարչապետ Էջեւիթը պատրաստվում է խնդրել Բուշին Իրաքում ապրող թուրքմենական փոքրամասնության բնակավայրում, որն ի դեպ հարուստ է նավթով, ստեղծել թուրքմենական լայն ինքնավարություն եւ իրավունք տալ Թուրքիային վերահսկել այդ տարածքները: Քննարկվելու է նաեւ Կիպրոսի հիմնախնդիրը:

Էջեւիթը փորձելու է օգտվել Թուրքիայի համար նպաստավոր այս աննախադեպ պատմական պահից, երբ ահաբեկչույթան դեմ արշավ սկսած ամենազորեղ ռազմաքաղական տերությունը պատրաստվում է շնորհակալություն հայտնել իր դաշնակցին հավատարմության համար:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG