Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նոր տարվա նախօրյակից մինչեւ հին նոր տարի, ընդամենը 13 օրերի ընթացքում հանրությունը հասցրեց տեղեկանալ մեկ մահափորձի մասին՝ պատգամավոր Գասպարյանի դեմ, եւ մեկ սպանության՝ պետական հանրախանութի փոխտնօրենի: Եթե սրանց հավելենք նաեւ հասարակական հնչեղություն ունեցող սպանությունները, որ կատարվեցին նախորդ տարվա ընթացքում... ապա ցավով պիտի արձանագրենք, որ հասարակությունը մի տեսակ իմունիտետ է ձեռք բերել նման ողբերգական, զարհուրելի լուրերի նկատմամբ», - անդրադառնում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, հարց դնելով՝ «Արդյո՞ք իրավապահ մարմինների ու դատախազության որդեգրած ժամանակ առ ժամանակ այդ սպանությունների բացահայտման գործը մեռցնելու եւ կրկին վերաթարմացնելու գործելաոճը չէ պատճառը, որ մարդիկ, առանց չափազանցության, դարձել են ոչ զգայուն անգամ հասարակական վտանգավորություն ներկայացնող արարքների եւ հանցագործությունների հանդեպ»:

«Երբ հանրությունը հետ է վարժվում հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունների կարեւորման գիտակցումից, հենց այդ պահին է սկսվում ու նրա լուռ հայացքի ներքո իրականացվում օրը ցերեկով ավտոտնակի մոտ, շքամուտքում, թե բակում սեփական ախոյանի հետ հաշվեհարդար տեսնելու «ճշտով» մեթոդը», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

Էջմիածին - Անթիլիաս հարաբերությունների նոր սրման մոտիվներով «Հայոց Աշխարհ»-ը այսօր ընդգծել է. «Մեզ՝ աշխարհականներիս հարկ է խուսափել վաղաժամ եւ լիովին չճշտված գնահատականների հիման վրա հեռուն տանող եզրակացություններ անելու, առավել եւս՝ բանավեճի ընդգծված կողմ դառնալու ու մյուս կողմին հարվածելու գայթակղությունից... Հայաստանյայց եկեղեցու ներսում ծագած խնդիրները պետք է լուծվեն հենց իրենց՝ հոգեւորականների եղբայրական փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտում: Իսկ ողջ հայ ժողովրդի անունից խնդրո առարկա տարակարծության շուրջ վճռական խոսք ասելու իրավունք ունեն ոչ թե մեր հավատի տաճարում քաղաքական սենսացիա փնտրող լրագրողները, այլ հայոց եկեղեցու միասնականության մեջ շահագրգիռ կողմ հանդիսացող աշխարհիկ բարձրագույն իշխանությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ղեկավարության»:

«Հայոց Աշխարհ»-ի համոզմամբ՝ «Իշխանությունը ներկայումս կարող է խաղալ անկողմնակալ միջնորդի դեր՝ Հայաստանյայց եկեղեցու զույգ նվիրապետական աթոռների ներկա տարակարծությունը մեղմելու եւ ընդհանուր հայտարարի բերելու գործում»:

Իշխանության ընտանիքն էլ մամուլում տարվա սկզբից մատուցվում է ալեկոծումների մեջ: «Տեղեկությունները, թե գյուղնախարար Զավեն Գեւորգյանը պաշտոնանկ է արվել, կառավարության լրատվության վարչության պետ Մերի Հարությունյանը հերքել է, հավելելով, որ նախարարը արձակուրդում է»: Այլ աղբյուրներ վկայակոչելով, սակայն, «Հայկական ժամանակ» թերթը շարունակում է պնդել, թե «մեծ է հավանականությունը, որ Գեւորգյանը այդպես էլ չվերադառնա նախարարական կաբինետ»:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի նախատոնական հայտարարությունն էլ, թե «ինքը լուրջ կասկածներ ունի ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ ՀՀ կառավարության հետագա համագործակցության նպատակահարմարության շուրջ», «Հայկական ժամանակ»-ի վերլուծությամբ՝ ճակատագրական կդառնա նրա համար:

«Վարդան Խաչատրյանի մոտալուտ պաշտոնանկության հարցը, ըստ ամենայնի, լուծված է», - գրում է մեկնաբանը: - «Այս մասին խոսում են ինչպես իշխանության վերնախավում, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներում»:

Բայց «միամտություն կլիներ, իհարկե, կարծել, որ Վարդան Խաչատրյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները պայմանավորված են միայն «Հայլուրի» եթերից հնչած այդ «քաղաքական հայտարարությամբ»: Սա կարող է լինել ընդամենը առիթ եւ ոչ թե պատճառ», - խորանում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ֆինանսների նախարարի պաշտոնանկությունը շատ ավելի քաղաքական եւ նպատակային քայլ է: Դիտորդների կարծիքով, նախընտրական այս տարում Ռ.Քոչարյանը այլ ոլորտների հետ մեկտեղ պետք է մոբիլիզացնի նաեւ ֆինանսների ոլորտը: Իսկ դա նշանակում է, որ պետք է կենտրոնացվեն բյուջեի մուտքերի ու ծախսերի ամբողջ վերահսկողությունը: Այս նպատակով, լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, հարկային ու մաքսային գերատեսչությունները հավանաբար կենթարկեցվեն ֆինանսների նախարարությանը»:

«Վարդան Խաչատրյանը ոչ մի կերպ չի տեղավորվում այդպիսի սուպերնախարարության ղեկավարի պաշտոնում», - տրամաբանում է մեկնաբանը, ավելացնելով. - «Այդ պաշտոնը, ըստ համառորեն շրջող լուրերի, կզբաղեցնի ներկայումս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը»:

Եվրախորհրդի դրած պարտականությունների կատարման մասով «եվրոպացիները Հայաստանից պարտք ու պահանջ չունեն, իսկ Ադրբեջանից՝ ունեն», - անդրադառնում է «Առավոտ» թերթը։ - «Սա ինքնին հաճելի փաստ է։ Մանավանդ մեր իշխանավորների համար, որոնք, կարծես թե, անկեղծորեն համոզված են, թե իրենք ժողովրդավար են... Ոգեւորված ժողովրդավարության հաղթարշավից՝ իշխանությունները որոշել են չբավարարվել եղածով»։

«Հիմա էլ հասել է Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հերթը։ Իսկ ինչո՞ւ՝ ոչ։ Եթե մենք այսքան լավ երկիր ենք, եթե մեր պաշտոնական տվյալներով մենք ԱՊՀ-ում առաջատար ենք, եթե ցանկություն ունենք դառնալու Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, եթե չունենք քաղբանտարկյալներ, ուրեմն բոլոր ճանապարհներն ուղիղ մեզ տանում են Եվրամիություն... Միայն մի փոքրիկ «մանրուք» կա, որ մեր ղեկավարները չեն նկատել», - ի վերջո իր սառը ջրին է հասցնում խմբագրականը։ - «Մենք իսկական եվրոպացիներ կհամարվենք միայն այն դեպքում, երբ կդադարենք համեմատվել Ադրբեջանի տիպի երկրների հետ։ Եթե ցանկանում ես եվրոպացի լինել, պետք է համեմատվես եվրոպական երկրների հետ»։

«Ազգ» թերթում այսօր վերլուծված է, որ «Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող այցագրային ռեժիմի վերացումը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պաշտոնական Վաշինգտոնի պահանջի թուրքական իշխանությունների արձագանքն է: Թեեւ դա չի նպաստում հայ-թուրքական միջպետական շփումների զարգացմանը, բայց եւ այնպես, իբրեւ դեմարշի դրսեւորում, մեկ անգամ եւս բացահայտում է Թուրքիայի հայկական քաղաքականության դիրքերի սպառումը»:

Տեսաբանի հայացքով՝ «Այս պայմաններում ինքնըստինքյան սպառվում են նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու Վաշինգտոնի հնարավորությունները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG