Մատչելիության հղումներ

Ս.Էջմիածնի ներկայացուցչի կարծիքով, «հօդս ցնդեցին» մերձեցման արդյունքները


Կանադայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմ հիմնելու տեղեկության շուրջ բարձրացած աղմուկը, կարծես թե, հեռու է հանդարտվելուց: Օրերս Էջմիածնում գումարված Գերագույն Հոգեւոր Խորհուրդը քննարկել էր հարցը եւ նամակով իր մտահոգությունը հղել Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի, տեղեկատվության պատասխանատու Գրիգոր վարդապետ Չիֆջյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հաստատեց նամակի ստացումը, ասելով, սակայն. «Ճիշտ է, բայց որպես Կիլիկիո կաթողիկոսություն ոչինչ չունենք ասելու: Դա միայն մեր ներքին դասավորման հարցն է: Ոչ մի անպատեհություն չենք տեսնում»:

Ըստ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, 20-֊րդ դարի երկրորդ տասնամյակի վերջին՝ դժբախտ պատահարների բերումով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ստիպված էր դուրս գալ իր տարածքներից. նրա 14 թեմից միայն Հալեպի թեմն էր մնացել: Հայ եկեղեցու առջեւ հարց էր դրված՝ պահպանե՞լ Կիլիկիո աթոռը, թե՞ ոչ: Այն ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Հինգերորդի թելադրանքով Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ժամականակավորապես տրամադրեց Դամասկոսի եւ Լիբանանի, իսկ Պոլսի հայոց պատրիարքությունը՝ Կիպրոսի թեմերը:

«Այսպիսով, հաստատվեց այն օրինական սահմանը, այն տարածքը, որտեղ պիտի գործեր Անթիլիասում՝ Լիբանան, հաստատված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, - ասում է Եզնիկ Սրբազանը՝ ավելացնելով, որ 1956թ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դուրս եկավ այդ սահմաններից:

«Բռնագրավեց Պարսկաստանի երեք թեմերը: Զուգահեռ թեմեր հաստատեց Հունաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսօր շարունակությունն է այդ գործընթացի, երբ մի զուգահեռ թեմ է հաստատվում նաեւ Կանադայում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ս.Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այդ ժամանակաշրջանում գտնում էր, որ Ս.Էջմիածինը գործունեության մեջ ազատ չէ, կոմունիստական ռեժիմի իշխանության տակ է: Ըստ Եզնիկ Սրբազանի, «տասը տարուց ավելի է, ինչ այդ պատրվակն էլ անհիմն է»:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի եւ լրատվության պատասխանատու Գրիգոր վարդապետ Չիֆջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «ոչնչից բարձրացած մեծ աղմուկ» որակեց այս ամենը: Նրա պնդմամբ, Անթիլիասին ենթարկվող անջատ թեմ Կանադայում «արդեն կար, գոյություն ուներ, պարզապես Նյու Յորքի մեր Արեւելյան թեմից՝ Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությունը վայելող արեւելյան թեմից, իր անկախ կառույցը ունեցավ... Արդեն հաղորդագրություն, հայտարարություն տվել է Կանադայի մեր առաջնորդարանը, դրան ավելացնելու ոչինչ չունենք»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը հարցը շատ ավելի լուրջ է համարում:

«Մենք այդ քայլի մեջ տեսնում ենք ոչ թե ներքին վարչական բաժանում: 1988 թվականից հետո ձեռքբերված մերձեցման բոլոր արդյունքները, փաստորեն, հօդս ցնդեցին», - ասաց նա:

Կանադայում Անթիլիասական թեմ ստեղծվելու տեղեկությունը Ս. Էջմիածինը համարում է չհաստատված, քանի որ
որեւէ եկեղեցական միավոր իրեն չի կարող թեմ հռչակել, եթե կաթողիկոսը դա կոնդակով չի վավերացրել:

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կոնդակ այս հարցի կապակցությամբ մեղ հայտնի չէ, եւ որեւէ պաշտոնական հաստատում այդ մասին մենք չունենք», - ասաց Եզնիկ Սրբազանը:

Դաշնակցության բյուրոյի մամուլի եւ տեղեկատվության պատասխանատու Կիրո Մանոյանը հերքեց տեղեկությունը, թե Կանադայում անթիլիասական թեմ ստեղծելու որոշումը թելադրել է ՀՅԴ բյուրոն, ավելացրեց, թե բյուրոն նման հարց չի էլ քննարկել: Հարկ է նշել, սակայն, որ Կանադայի անթիլիասական համայնքի ղեկավարների մեծամասնությունը դաշնակցական է, եւ արդեն երկու տասնամյակ հետամուտ էր Ամերիկայի արեւելյան իր թեմից անջատվելուն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG