Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը կրկին շեշտում է հարկահավաքումը բարելավելու անհրաժեշտությունը


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյզ Սաադաթը այսօր ամբողջությամբ զորակցություն հայտնեց Արժույթի միջազգային հիմնադրամի կոշտ դիրքորոշմանը, համարելով, որ անհրաժեշտ է բարելավել հարկային համակարգը եւ հարկային գանձումները Հայաստանում։

Արժույթի միջազգային հիմնադրամը անցյալ տարեվերջին դեմ էր արտահայտվել Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի (ՍԱՔ 4) վերջին երկու մասաբաժինների հատկացմանը, համարելով, որ կառավարությունը հարկահավաքի հնարավոր մինիմումը չի ապահովել։

«Կուզենայի, որ պարզ լիներ, որ Համաշխարհային բանկը Հայաստանի հարկատուն չէ, խնդրում եմ դիմեք ձեր հարկատուներին, որ իրենք վճարեն բյուջե։ Մեր գումարները նախատեսված են կառուցվածքային բարեփոխումների համար, մենք կվճարենք մեր մասնաբաժինները, երբ որ պայմանները կբավարարվեն, եւ եթե եկամուտներում պակասորդ կա, խնդրում եմ դիմեք ձեր հարկատուներին», - ասաց Օուեյս Սաադաթը։

Անցյալ տարվա բյուջեով նախատեսված 50 միլիոն դոլարի վարկից (ՍԱՔ-4) Անդրանիկ Մարգարյանի կաբինետը կարողացավ ստանալ միայն 15 միլիոնը։ 35 միլիոնի հարցը մնացել է առկախ։ Օուեյզ Սաադաթը այսօր հույս հայտնեց, որ ՍԱՔ-4-ի մնացած երկու մասբաբաժինների հատկացման հարցը դրականորեն կլուծվի:

Ըստ Համաշխարհային բանկի տեղեկանքի, Հայաստանում բանկի աջակցությամբ այժմ ընթացքի մեջ են 295 միլիոն դոլար արժողության 14 նպատակային ծրագրեր։ Հաշվի առնելով մեր բյուջեի սուղ հնարավորությունները, Համաշխարհային բանկը անցյալ տարի կառավարության մասնաբաժինն այդ ծրագրերում 20 տոկոսից իջեցրեց 10 տոկոսի։ Չնայած դրան, ոչ բոլոր դեպքերում է հաջողվում այդ փոքր գումարները գտնել, ինչի հետեւանքով տասնյակ միլիոն դոլար արժեցող կարեւոր ծրագիրը կարող է խափանումներ տալ։

2001 թվականի արդյունքներով, համաֆինանսավորման համար կառավարությունը չի կարողացել ապահովել 1 միլոն 700 հազար դոլար, որից տուժել են կրթական, գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ջրամբարների վերականգնման ու մի շարք այլ ծրագրեր։

«Համաշխարհային բանկը, ընդհանուր առմամբ, բավարարված է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությամբ»,-այսօր հայտարարեց Օուեյս Սաադաթը։ - «Հիմնական ծրագրերը լավ կատարողական են ցուցաբերում, դրանք ծառայություններ մատուցելու հարցում բավականին լավ ազդեցություն ունեն այս երկրի կարիքավորների վրա»:

Օուեյզ Սաադաթը այսօր տեղեկացրեց, թե 2002 թվականին, բացի գործող ծրագրերից, Համաշխարհային բանկը Հայաստանի համար եւս 4 նոր ծրագրեր է իրականացնելու: 1 միլիոն դոլար կհատկացվի Զարգացման հայկական գործակալության կառույցը ուժեղացնելուն, 1,5 միլիոն դոլար կուղղվի Սեւանի ազգային պարկի եւ Դիլիջանի պետական արգելոցի բարեկարգմանը: Գումարներ կտրվեն Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի ֆերմերների օժանդակության նպատակով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG