Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ամանորյա տոներից հետո քաղաքական դաշտում առանձնապես աշխուժություն չկա», - արձանագրում է «Իրավունք» թերթը, ուշադրությունը առավել սեւեռելով Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավարության կողմը: Այստեղ, «Իրավունք»-ի որակմամբ, հաստատվում է «սամասուդի»-ի իրավունքը համատարած քծնանքի մթնոլորտում: Դրանից էլ ուղղակիորեն բխեցվում է, թե օտարերկրյա ներդրողները Հայաստանից կխրտնեն:

«Քաղաքական դաշտը չպետք է վերածվի աղբանոցի» վերնագրի տակ «Ագրոարդյունաբերական-ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի ղեկավար, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում սահմանագծում է. «Ամենուրեք, հատկապես չկայացած ժողովրդավարական երկրներում կան բացահայտ գործող կուսակցություններ եւ տարբեր ցուցանակների տակ թաքնվող քաղաքական ընդհատակ, որի գործելակերպի հիմնական բնորոշիչը ինտրիգներն են: Այդ քաղաքական ընդհատակը լինելու է միշտ եւ բոլոր ժամանակներում աշխատելու է տարբեր սադրիչ մեջոցներով տեղ նվաճել արեւի տակ՝ հասարակությանը մղելով դեպի հեղափոխական անդունդը... Հայաստանում քաղաքական գործընթացներին ազդեցիկ մասնակցություն ունեցող կուսակցությունները այդ ընդհատակի դեմն առնելու համար պիտի մշակեն փոխհամաձայնեցված խաղի կանոններ: Բնականաբար դա չի կարող լինել առանց երկրի ղեկավարության դերակատարության»:

Հմայակ Հովհաննիսյանի տեսլականով, ժողովրդի խաթարված հավատը վերականգնելու համար «գալիք ընտրություններում հաղթող ԱԺ մեծամասնությունը կամ կուսակցությունների կոալիցիան եւ երկրի նախագահը պիտի լինեն նույն գաղափարախոսության հետեւորդներ»:

Ինչպես փոխանցում է «Առավոտ» թերթը, երեկ «Սոցիալիստական Հայաստան» միավորման եւ ժողկուսակցության ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել է Հայաստանում առկա վիճակից դուրս գալու ուղղությամբ համատեղ գործողությունների հարցը: Համագործակցության հեռանկարներ տեսնվում են, միեւնույն ժամանակ, ինչպես ամփոփել է հանդիպման մասնակիցներից մեկը, ժողովրդի «վստահության բացակայությունն այսօր կա, ուստի պետք է ամեն ինչ անել՝ ժողովրդին ցույց տալու, որ ընդդիմադիր ուժերը միայն իշխանության համար չեն կռվում... պետք է շատ բան ավելի մանրակրկիտ պայմանավորվել, քանի որ շատ դեպքերում գաղափարն ընդունվում է, բայց երբ դրա իրագործման ուղղությամբ սկսում ես կոնկրետ քայլեր անել՝ տարաձայնություններ են առաջանում իրագործման ձեւերի մեջ, ու հասարակությունը հիասթափվում է»:

«Հայկական ժամանակ» թերթի շեշտադրմամբ, բացվող աշխատատեղերի հաշվելու ժամանակն անցավ, եւ գալիս է փակվող աշխատատեղերի հաշվելու ժամանակը: «Հայկական ժամանակ»-ի թվարկմամբ, «Նաիրիտ-1» ՓԲԸ 1250 աշխատող ուղարկվել է հարկադիր արձակուրդի: «Մոտավորապես նման վիճակ է նաեւ Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմ» ընկերությունում: Նոր տարվա շեմին՝ մոտ երեք ամիս կիսատ-պռատ աշխատած քիմիագործներին առանց աշխատածի դիմաց վճարելու ուղարկել են երկարատեւ արձակուրդ՝ մինչեւ 2002-ի ապրիլ ամիսը: Չի գործում նաեւ Վանաձորի ջէկ-ը, որը կաշխատեր միայն «Պրոմեթեւսին» էլեկտրաէներգիա մատակարարելու անհրաժեշտության դեպքում:

«Հայկական ժամանակ»-ը ի վերջո կանխատեսում է, թե «նշված ձեռնարկությունների աշխատակիցները հարկադիր արձակուրդից կվերադառնան հաշվետու ժամանակաշրջանի վերջում, երբ կգա պալատական վիճակագիրների ժամանակը»:

ՆԱՏՈ-յի հովանու ներքո Ադրբեջանում թուրքական երկու ռազմաօդային հենակետ տեղակայելու հարցը Միացյալ Նահանգների ղեկավարության առջեւ բարձրացնելու Թուրքիայի վարչապետի նախաձեռնությունը, «Հայոց Աշխարհ» թերթի տեսաբանի դիտարկմամբ, կարող է փորձաքար դառնալ հետեւյալ առումով. «ԱՄՆ-ը կանգնելու է դժվարին երկընտրանքի առջեւ՝ գիտակցելով, որ ցանկացած որոշում կայացնելու պարագայում ստիպված է լինելու նեղացնել կա'մ Թուրքիային, կա'մ Ռուսաստանին: ԱՄՆ-ի արձագանքը առավել ուշագրավ է լինելու այն առումով, որ վերջապես պարզ կդառնա, թե ի՞նչ ազդեցություն է գործում գլոբալ մակարդակի վրա ծավալվող ռուս-ամերիկյան փոխգործակցությունը մեր տարածաշրջանի վրա: Եվ արդյո՞ք ամերիկացիների հավաստիացումները մրցակցությունից համագործակցության անցնելու մասին այնքան են անկեղծ ու երկարաժամկետ, որ հաշվի են առնում Ռուսաստանի պատմականորեն ձեւավորված շահերը Անդրկովկասում»:

Սրանով հանդերձ, տեսաբանը եզրափակում է ենթադրությամբ. «Իսկ գուցե տեղի է ունեցել Անդրկովկասի նոր, առաջին հայացքից անհավանական թվացող բաժանում՝ դերերի նոր վերաբաշխման ու տարանջատման միջոցով, ուր ռուսներին վերապահվելու է երկրամասի քրիստոնեական հատվածի (Վրաստան, Հայաստան, Ղարաբաղ) վերահսկողությունը, իսկ սեպտեմբերի 11-ից հետո իսլամական երկրներով «մասնագիտացող» ամերիկացիներին՝ Ադրբեջանի եւ նրա մահմեդական հարեւանների հետ գործ ունենալու հնարավորությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG