Մատչելիության հղումներ

Եվրամիությունը նոր օգնություն է հատկացնում երաշտից տուժած հայ ֆերմերներին


Եվրամիությունը եւս 1 մլն եվրո է հատկացրել 2000 թվականին դաժան երաշտից տուժած հայ ֆերմերներին: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրամիության երեւանյան գրասենյակը:

Հայտարարության մեջ նշված է, որ օգնությունը, որ հիմնականում սերմերի ու պարարտանյութի տեսքով է, բաշխվելու է երկրի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան շրջանների մոտ 6000 գյուղացիական տնտեսությունների միջեւ:

Սա Եվրոպական հանձնաժողովի երկրորդ օգնությունն է երաշտից տուժած հայ ֆերմերներին: Անցած ապրիլին՝ գարնանացանից առաջ հանձնաժողովը 900 հազար եվրո արժողությամբ կարտոֆիլ եւ հացահատիկի սերմնացու էր ուղարկել: Այս տարի կազմակերպվելու է նաեւ օգնության ծրագրում ընդգրված ֆերմերների ուսուցում՝ «նորմալ գյուղատնտեսական ցիկլը վերականգնելու եւ գյուղական վայրերից արտագաղթը կանխելու նպատակով»:

«Մեծ վնաս էր կրել գյուղատնտեսական արտադրությունը հատկապես հարավային շրջաններում՝ հանգեցնելով հացահատիկի, կաթի, մրգի ու մեղրի արտադրության կրճատմանը», - ասված է հայտարարության մեջ:

Երաշտի հասցրած վնասը Հայաստանի կառավարությունը գնահատել է 100 մլն դոլար: 2000 թվականի սեպտեմբերին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դիմել էր միջազգային հանրության օգնությանը:

Անցած նոյեմբերին գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ 2001 թվականին երկրի գյուղատնտեսական հատվածը կարողացել է հիմնականում վերականգնվել երաշտից հետո, եւ գյուղատնտեսական արտադրանքը այսուհետ տարեկան աճելու է 10 տոկոսով:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG