Մատչելիության հղումներ

Հայկական զորքը չի մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՈ-ի զորավարժություններին


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը շաբաթ օրը ասել է, որ ծրագրված չէ հայկական զորամիավորումների մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՈ-ի հովանու ներքո անցկացվելիք զորավարժություններին:

«Հնարավոր է, որ դիտորդներ ուղարկենք զորավաժություններին, սակայն չենք պլանավորել մեր զորամիավորումների մասնակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը:

Ինչպես հաղորդել է «Ֆրանս Պրես» գործակալությունը, ուրբաթ օրը ՆԱՏՈ-յի պաշտոնատարները Թբիլիսի են ժամանել՝ նախապատրաստելու համար «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրին մաս կազմող այդ լայնամասշտաբ զորավարժությունները:

Ֆրանսիական լրատվական գործակալությունը ՆԱՏՈ-ին չանդամակցող ինը երկրների շարքում՝ ներառյալ Ադրբեջանը, նշել է նաեւ Հայաստանը: Հայաստանի զինված ուժերի շտաբի պետը, սակայն, ասում է, որ Հայաստանը մտադիր չէ մասնակցելու զորավարժություններին: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը ասաց, որ «երբեք չի լսել» նման ծրագրերի մասին:

Միքայել Հարությունյանը ասաց նաեւ, որ Հայաստանը նախապատրաստական աշխատանք է տանելու՝ հյուրընկալելու համար 2003 թվականին Հայաստանում անցկացվելիք ՆԱ ՏՈ-ի զորավարժությունները:

Անցած տարվա նոյեմբերին Միքայել Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ խաղաղապահ գործողություններ իրականացնող կոալիցիոն գումարտակի այդ զորավարժությունների մասնակիցների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի՝ ներառյալ Թուրքիան:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG