Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթը այս տարվա իր առաջին համարը բացում է 2002-ի քաղաքական աստղագուշակով՝ ընդհանուր առմամբ հավաստելով՝ «Ծանր աշխատանքի կամ դրա նմանակման տարի է: Բարենպաստ է քաղաքականությամբ զբաղվելու, հանրահավաքներին, ժողովներին եւ այլ միջոցառումներին մասնակցելու համար: Բուռն ծաղկում է ապրելու քաղաքական թատրոնը: Լինելու են բազում պաշտոնանկություններ, խարդավանքներ, սկանդալներ, բայց ի վերջո խոշոր ցնցումներից զերծ կմնանք»:

Ինչ վերաբերում է առանձին գործիչների ու քաղաքական ուժերի, «Իրավունք»-ը, աստղերի վրա հղումով, մասնավորապես հուշում է. «Ձիու տարում ծնված Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար տարին լինելու է բավականին ծանր եւ աշխատատար... Նրանք ձեռք են բերելու նոր ու հուսալի գործընկերներ, եւ վերջիններիս խորհուրդները թույլ կտան զերծ մնալ անհեռատես քայլերից, եթե իհարկե, նրանք անսան այդ խորհուրդներին... Այծի տարում ծնված Հանրապետական կուսակցության համար տարին բարեհաջող կլինի միմիայն քրտնաջան աշխատանքի եւ հուսալի քաղաքական գործընկերներ գտնելու դեպքում: Իսկ Կատվի տարում ծնված Անդրանիկ Մարգարյանին կհաջողվի մնալ վարչապետի պաշտոնում, եթե վերջինս չծուլանա եւ մշտապես ձգի կառավարության սանձերն ու կառավարությանը պարտադրի լավ աշխատել... Վագրի տարում ծնված Դաշնակցության եւ ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) համար քաղաքական վտանգներ չեն լինելու: Բազմաթիվ դաշնակցականներ կիրագործեն նախարարի, փոխնախարարի կամ առավել եւս ավելի մանր պաշտոն ստանալու իրենց երազանքը, իսկ ՀԺԿ-ին կհաջողվի գտնել հուսալի քաղաքական գործընկերների»:

«Վարազի տարում ծնված Ստեփան Դեմիրճյանի համար լինելու է բարդ տարի: Տհաճությունները նրան հետապնդելու են մինչեւ դեկտեմբեր, սակայն վերջում ամեն ինչ լավ է լինելու: Իսկ Ցուլի տարում ծնված «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համար կարեւոր է այս տարի կոտոշները չտնկել ու փոխզիջումային լուծումների ձգտել: Այդ հարցում նրան հատկապես կաջակցեն Կատվի տարում ծնված Հրանտ Խաչատրյանը եւ Առնետի տարում ծնված Շավարշ Քոչարյանը», - նպատակամղել է «Իրավունք»-ը:

«Առավոտ» թերթն այսօր մեծ մտածողների մտքերի շարքում մեջբերել է հետեւյալը. «Մենք ապրում ենք երկակի բարոյականությամբ. մեկը դավանում ենք, մյուսը՝ գործածում»։ Անդրադառնալով գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության կամ ինքնասպանության շուրջ վկայող Հրանտ Պապիկյանի մի հարցազրույցի, «Առավոտ»-ի մեկնաբանը նշում է. «Իշխանությունների գլխավոր նպատակը կոնկրետ այդ ողբերգական դեպքերի վերհիշման այս մի դեպքում հրապարակման, թերեւս, վերջին մեկ պարբերությունն է. «...կամ Վազգեն Սարգսյանն իսկապես անտեղյակ է եղել այդօրինակ մութ գործերից, կամ էլ՝ բարկացել է, որ իրավիճակը չի վերահսկվել եւ թույլ է տրվել այդ ամենը ջրի երես դուրս գա»: Զոհված վարչապետին եւս մեկ անգամ մրոտելը ու այս անգամ «գորշ գայլ» ներկայացնելը ներկայիս ռեժիմի համար մնում է թիվ մեկ գերխնդիրը», - շեշտադրել է մեկնաբանը: - Նույն այդ ռեժիմը, որ նույնանում է ղարաբաղյան կլան անվան հետ, երբեմն այնքան է տարվում դրանով, որ մոռանում է խոսել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների համար իր պատասխանատվության մասին:

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծությամբ, «վերջին մեկ-երկու տարիներին Հայաստանի բանկային համակարգում ստեղծված իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ նրա կայացած լինելու մասին դատողությունները այնքան էլ իրատեսական չեն: Վկայություններից մեկն էլ այն է, որ բացի փոքր բանկերից սնանկացման կամ փակման եզրին են այսօր հայտնվել նաեւ խոշոր եւ առաջնակարգ բանկերը: Խոսքը, մասնավորապես, «Կրեդիտ-Երեւան» բանկի մասին է, որը վերջին տարիներին առեւտրային բանկերի ռեյտինգում մշտապես գրավում էր առաջին տեղերից մեկը»:

«Անված տարվա սկզբից գործող 31 բանկերից փակվեցին կամ սնանկացման եզրին հայտնվեցին ինը... Հայաստանում բանկերի առողջացման գործընթացները սովորաբար ավարտվում են անարդյունք», - արձանագրում է մեկնաբանը: - «Տարեվերջին Հայաստանում մնաց լիարժեք գործող 23 բանկ, որոնց ֆինանսական հնարավորությունները, սակայն, շատ փոքր են: Միայն տարվա առաջին կիսամյակում առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալը նվազեց մոտ 10 մլրդ դրամով՝ 33-ից հասնելով 23 մլրդ դրամի»:

Մեկնաբանի դիտարկմամբ, «այս գործընթացներում զգալի դեր խաղաց տնտեսական նոր պայմաններին բանկերի անպատրաստ լինելը: Եթե բանկային համակարգի ձեւավորման սկզբնական փուլում առեւտրային բանկերը հիմնականում փորձում էին իրենց շահույթները ապահովել ֆինանսական դաշտում խաղալու ճանապարհով, ապա վերջին մեկ-երկու տարիներին ինչպես բանկային տոկոսադրույքների, այնպես էլ պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության անկումը սահմանափակեց առավել հեշտ եւ ոչ ռիսկային եկամուտների ստացման հնարավորությունը»:

«Արցախբանկ»-ի վարչության նախագահ Կամո Ներսիսյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում ներկայացվող հարցազրույցում հավաստիացնում է. «Ղարաբաղում կարելի է ոչ միայն աշխատել, այլեւ՝ աշխատել հաջողությամբ»: Արցախյան այդ բանկի կապիտալը գնալով մեծանում է: Ընդհանուր առմամբ, «ԼՂՀ բանկային շուկան հանրապետության տնտեսության համեմատությամբ զարգանում է ավելի բարձր տեմպերով: Մենք հասկանում ենք, որ ֆինանսական շուկայի զարգացումը պետք է ուղեկցվի նաեւ տնտեսության իրական հատվածի զարգացմամբ», - ասում է Կամո Ներսիսյանը: - «Այդ պատճառով մեր բանկի հիմնական գերակայություններից է մանր եւ միջին բիզնեսին աջակցելը, ինչը հանրապետության տնտեսության առանցքն է եւ զարգանում է մեծ տեմպերով: Եթե նախկինում բիզնես է կատարվել հիմնականում առեւտրում, ապա այժմ այն անցել է արտադրության եւ ծառայությունների ոլորտ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG