Մատչելիության հղումներ

Խոշոր հարկատուների համար ստեղծվել է առանձին վարչություն


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանագրով հունվարի 4-ին պետեկամուտների նախարարությունում ստեղծվել է խոշոր հարկատուների վարչություն: Կառուցվաքային այդ նորամուծությունը կատարվել է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների շրջանակում:

Անցած տարվա վերջին Ազգային ժողովը հաստատեց, այսպես կոչված, «հարկային փաթեթը», որով փոփոխություններ ու լրացումներ են նախատեսվում հարկային օրենսդրության 12 օրենքներում: Դրանց նպատակը հարկային վարչարարության բարելավման ճանապարհով հարկային մուտքերի ավելացումն է:

Երեւանի Աջափնյակ համայնքի հարկատուների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ պետեկամուտների նախարարության կազմտեսչական վարչության պետ Սամվել Պետրոսյանը ասաց, որ հարկ վճարողի համար շահավետ է լինելու դառնալ խոշոր հարկատու, քանի որ վերջիններս գործ են ունենալու անմիջապես նորաստեղծ վարչության հետ՝ շրջանցելով տարածքային հարկային մարմինները:

Հանդիպման նպատակը հարկատուներին լրացումներն ու փոփոխությունները ներկայացնելն ու դրանք պարզաբանելն էր: Հարկատուներն իրենց դժգոհությունը հնչեցրին հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունների առնչությամբ, բողոքեցին, որ նոր փոփոխություններն ու լրացումները հրատարակված չեն ամփոփ ժողովածուով:

Պարզվեց նաեւ, որ օրենսդրական փոփոխություններին պետք է
հետեւեին կառավարության որոշումները, որպեսզի հարկային բնույթի այս կամ այն գործարքն իրականացնելու համար լիարաժեք ու հստակ մեխանիզմներով կարգավորվող օրինական դաշտ ստեղծվի: Կառավարությունը, սակայն այդ որոշումները դեռ չի ընդունել:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG