Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության որոշմամբ, ջրաչափերի տեղադրումը պարտադիր է


Հինգշաբթի օրը Հայաստանի կառավարությունը քննարկել եւ հաստատել է մայրաքաղաքում խմելու ջրի մատակարարման կանոնները, որոնք նախատեսում են ջրաչափերի տեղադրումը ինչպես անհատ սպառողների, այնպես էլ բյուջետային հիմնարկների եւ իրավաբանական անձանց համար:

«Բյուջետային կազմակերպությունները եւ իրավաբանական անձինք պետք է տեղադրեն ջրաչափեր 2002 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ իրենց միջոցներ հաշվին», - կառավարության նիստից հետո ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը:

Բնակչության համար, ըստ Մարտիրոսյանի, սահմանվել է հետեւյալ կարգը: Մինչեւ տարեվերջ պետք է ավարտվի անհատական բնակարանների բնակիչների, ասել է թե՝ ջրօգտագործողների հաշվառումը։ Ինչ վերաբերում է հաշվիչներ տեղադրելուն, ապա պետությունը հանձնառում է մինչեւ 2003 թվականի վերջը իր միջոցներով ջրաչափեր տեղադրել միայն բազմաբնակարանանոց շենքերի շքամուտքերում։ Իսկ բնակարանում ջրաչափը տեղադրվելու է բնակչի հաշվին:

Կառավարությունը բացառություն է արել միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար: Նրանց բնակարաններում ջրաչափ կտեղադրվի պետության միջոցների հաշվին, սակայն սկզբում բնակիչն, այնուամենայնիվ, դրանց դիմաց կվճարի։ Ըստ Գագիկ Մարտիրոսյանի, այդպիսի ընտանիքների ջրաչափերի գինը ետ կվերադարձվի մի քանի ամսվա ընթացքում՝ անվճար ջուր մատակարարելու միջոցով։

Ջրաչափերի տեղադրման կամպանիայից կառավարությունը լուրջ ակնկալիքներ ունի. մայրաքաղաքի շուրջօրյա, անխափան ջրամատակարման երաշխիքը այստեղ է, վստահեցնում են պաշտոնյաները:

«Հաշվիչների տեղադրումով բոլոր սպառողների մոտ տեղի կունենա խնայողություն իր ծախսերի մեջ, ուստի կառաջանա ջրի խնայողություն, ջրի ավելցուկ, եւ ջրի պակաս ունեցող սպառողները նույնպես կունենան ջուր... Կշահեն բոլոր կողմերը՝ թե' սպառողը, թե' պետությունը եւ թե' բյուջեն», - ասաց Գագիկ Մարտիրոսյանը:

Հայաստանում արտադրվող երկու տեսակի ջրաչափերի գները տատանվում են 15-30 ԱՄՆ դոլարի սահմաններում: Եթե հաշվի առնենք նաեւ, որ բնակարանների մեծամասնությունում հարկ կլինի տեղադրել երկու ջրաչափ, ապա Հայաստանի պայմաններում դա բավական շոշափելի գումար է:

Մայրաքաղաքի ջրամատակարարման կառավարիչ՝ իտալական «Էյ-Յութիլիթի» ընկերությունը, որին Երեւանի ջրամատակարարման համակարգը հինգ տարով կառավարման է հանձնվել 2000 թվականին, կարողանում է հավաքագրել ակնկալվող գումարների, լավագույն դեպքում, մեկ երրորդը միայն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG