Մատչելիության հղումներ

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ է նշանակվել Արման Մելիքյանը


Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում Կարեն Միրզոյանին փոխարինել է Արման Մելիքյանը, որը մինչ այդ «Արմենիկում» դեղամիջոցի գրասենյակի տնօրենն էր: Մելիքյանը, սակայն, նորեկ չէ դիվանագիտության ասպարեզում. 1993-99 թվականներին եղել է Ղազախստանում եւ Ղըրղզստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Հայաստանից բացի, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը ներկայացուցիչներ ունի Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Դրանք ոչ պաշտոնական, դիվանագիտական կարգավիճակ չունեցող ներկայացուցիչներ են, որոնց մասին լսվում է միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղի ղեկավարներից որեւէ մեկն այցելում է այդ երկրները:

1992 թվականից ի վեր Երեւանում գործող Ղարաբաղի ներկայացուցչությունը տարբեր տարիների ղեկավարել են նեկայումս ԼՂՀ նախագահի խորհրդական Մանվել Սարգսյանը, Հայաստանի նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, ԼՂՀ ներկայիս արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը:

Կարեն Միրզոյանը վերադարձել է Հայաստանի արտգործնախարարություն՝ որպես Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG