Մատչելիության հղումներ

Հայաստանը կրկին էլեկտրաէներգիա է մատակարարում Վրաստանին


«Հայռուսգազարդ», «Հայէներգո» եւ վրացական «ԱԷՍ Թելասի» ընկերությունների միջեւ կնքված պայմանագրով Հայաստանը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստանին:

Հայաստանի էներգետիկ հանձնաժողովը «Հայռուսգազարդ» ընկերության լիազորությունները ընդլայնել է հատուկ արտոնագրով, որի համաձայն ընկերությունը հանդես է գալիս նաեւ էլեկտրաէներգիա արտահանողի դերում: «Հայռուսգազարդ»-ը արդեն սկսել է Էլեկտրաէներգիա մատակարարել հարեւան Վրաստանին:

«Համաձայն այդ եռակողմ պայմանագրի, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականի դեկտեմբերի 29-ից սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան: Վճարող կողմը «ԱԷՍ Թելասի» բաժնետիրական ընկերությունն է...Պայմանագիրը ստորագրված է մինչեւ հունվարի 20-ը եւ մինչ այդ ընկած ժամանակահատվածում «Հայռուսգազարդ»-ը օրական 120 մեգավատտ հավասար գրաֆիկով էլեկտրաէներգիա կարտահանի Վրաստան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայռուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը:

Սարդարյանն ավելացրեց նաեւ, որ պայմանագրի երկարաձգումը կախված է վրացական կողմից, իսկ հայկական կողմը կարող է դադարեցնել մատակարարումները, եթե վրացական կողմը ուշացնի վճարումները:

«Հայռուսգազարդ»-ի չի հրապարակում մատակարարվող էներգիայի դիմաց վճարումների մեխանիզմն ու գինը՝ դրանք համարելով կոմերցիոն գաղտնիք: Սակայն «Կավկազպրես» ինֆորմացիոն գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, հոսանքն առաքվում է 2,5 ցենտով, ինչը համարժեք է 14 դրամին:

Պայմանագրի մասնակից երրորդ կողմի՝ «Հայէներգո» ընկերության տնօրեն Լեւոն Եղիազարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշեց, որ դա նորմալ գին է շուկայի ներկայիս պահանջարկի պայմաններում: Նրա խոսքերով, գինը որոշվել է արտահանող եւ ներմուծող ընկերությունների փոխհամաձայնության արդյունքում:

1998-1999 թվականներին Հայաստանից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց Վրաստանը պարտք է 4 միլիոն 400 հազար դոլար: Վրացական կողմը, որոշ տեղեկություններով, առաջարկել է այդ պարտքը մարել, այսպես ասած, տրանսպորտային փոխադրումների զեղչեր տալու տարբերակով: Այսինքն, պարտքի գումարի չափով Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումներից գումարներ չեն գանձվի։


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG