Մատչելիության հղումներ

Իրան-Հայաստան գազատարի կառուցման հարցում կա առաջընթաց, թեեւ որոշ հարցեր համաձայնեցման կարիք ունեն





Հինգշաբթի օրը Հայաստանի նախագահ Քոչարյանը ասել է, որ Իրան կատարած իր եռօրյա պաշտոնական այցի արդյունքում առաջընթաց է արձանագրվել Իրան-Հայաստան խողովակաշարի շինարարությունն սկսելու գործում, ընդունելով, միաժամանակ, որ մինչեւ 124 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի իրագործումն սկսելը երկու հարեւան երկրները դեռեւս համաձայնեցնելու հարցեր ունեն:

Իրանական գազը Հայաստան մղելու նպատակով խողովակաշարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը այսօր՝ Քոչարյանի այցի վերջին օրը, ավելի վաղ ստորագրված տասը փաստաթղթերից մեկն է: Նախագահին ուղեկցող պաշտոնյաները, սակայն, ասել են, որ խողովակաշարի շինարարությունը հաջորդ տարի չի սկսվի:

«Մենք ոնց որ պայմանավորվել ենք սկսել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները», - Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ասել է նախագահ Քոչարյանը Թեհրանից Երեւան ժամանելուց հետո, ավելացնելով, որ հայկական կողմը դեռեւս չի ամբողջացրել «հարցի տեխնիկական կողմը»:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, շինարարությունն սկսելու համար անհրաժեշտ բոլոր «տեխնիկական փաստաթղթերը» պատրաստ կլինեն «մինչեւ 2002 թվականի վերջը»:

Հայտնի չէ, սակայն, թե երկու կառավարությունները հարթե՞լ են արդյոք Հայաստան ներմուծվելիք իրանական գազի գնի շուրջ եղած տարաձայնությունը, որը 140 կիլոմետրանոց խողովակաշարի կառուցումը հետաձգող հիմնական պատճառներից մեկն է: Բացի դրանից Հայաստանի կառավարությունը դեռեւս չի ապահովել իր համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցների իր մասնաբաժնի արտաքին աղբյուրները:

Հայ-իրանական գագաթնաժողովում ստորագրված մյուս համաձայնագրերը վերաբերում են երկու երկրների համագործակցությանը քաղաքաշինության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, մաքսային, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանության ոլորտներում:

Երկու երկրները վերահաստատեցին սահմանային Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու իրենց մտադրությունը:

Հայաստանի նախագահի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերից մեկն էլ Քաջարանի թունելի կառուցման հուշագիրն է: Հայաստանի ու Իրանի միջեւ հաղորդակցության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը թունելի կառուցմամբ կկրճատվի 12 կիլոմետրով եւ կայուն կապ կապահովի ամբողջ տարվա ընթացքում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 42 միլիոն դոլար է, որի 85 տոկոսը կֆինանսավորի իրանական կողմը, իսկ 15 տոկոսը՝ Հայաստանը:

Ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, Քաջարանի թունելի շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կսկվի ոչ շուտ, քան 2002 թվականի վերջին:

Ինչպես հադորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, Հայաստանի նախագահի Իրան կատարած պաշտոնական այցի ավարտին տարածված համատեղ հայտարարությունը պարունակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խախաղ ճանապարհով լուծելու կոչ:

Նախագահ Քոչարյանը ղարաբաղյան հակամարտությանը անդրադարձել է նաեւ իրանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հինգշաբթի երեկոյան հաղորդել է, որ Թեհրանի «Արարատ» մարզական ակումբում ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահը ասել է. «Ղարաբաղը երբեք չի եղել եւ երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG