Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության գրեթե 10 ամիսների ընթացքից սպասելիքներն ավելի մեծ էին


Այս տարվա փետրվարի 15-ին սկսված «Հոկտեմբերի 27»-ի դատաքննության ընթացքում հնչած ավելի քան 8 հազար հարցերն ու դրանց պատասխանները, դատավարության մասնակիցների կարծիքով, սենսացիոն ոչինչ չեն բացահայտել:

Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը, կրկնեց իր բազմիցս հնչեցրած կարծիքը, թե դատաքննությունն անցկացվում է ավելի շատ գործի շրջանակներից դուրս, քան ըստ էության:

Մեղադրող Գագիկ Ավետիսյանի կարծիքով, «բավականին երկար է ձգձգվում գործի դատաքննությունը»: Մեղադրողը, սակայն, ավելացրեց, որ դա ունի հիմնականում «օբյեկտիվ պատճառներ»:

Տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչները, թերեւս, միմյանց հակասող կարծիքներ ունեն: Ոմանք կարծում են, թե նախաքննության ընթացքում շատ հարցերի պատասխաններ տրվել են, պարզապես անհրաժեշտ է ավելի ուշադիր կարդալ գործը, որ դատարանում որեւէ արտառոց փաստարկ չի հրապարակվել: Իսկ, օրինակ, Ազգային ժողովի շենքում սպանված պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանի եւ Արմենակ Արմենակյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Մարինա Ջանոյանը փոքր-ինչ այլ կարծիք հայտնեց:

«Նաիրի Հունանյանը երկու ամսից ավելի ցուցմունք տալուց այնքան բան չասեց, ինչքան ասեց իր եղբայրը՝ կիսատ-պռատ ցուցմունք տալու ժամանակ: Եվ ես հույս ունեմ, որ մյուս ամբաստանյալները նույնպես ինչ-որ բաներ կասեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարինա Ջանոյանը, ավելացնելով, սակայն. - «Չեմ կարող ասել, թե ինչ-որ սենսացիոն բան պարզվեց»:


Այնուամենայնիվ, Մարինա Ջանոյանի սպասելիքներն էլ այս դատավարությունից ավելին էին, քան այս 9-ից ավելի ամիսների ընթացքում ստացվել են: «Հույս ունեմ, որ առաջիկայում որոշ մութ տեղերը կհաջողացնենք պարզաբանել», - ասաց նա:

Իսկ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության այս տարվա վերջին՝ 107-րդ նիստում մեղադրող Գագիկ Ավետիսյանը շարունակում էր Կարեն Հունանյանին հարցեր տալ, ընթերցել նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները համեմատել դատարանում տված ցուցմունքների հետ: Իսկ ամբաստանյալը, ինչպեսեւ նախորդ նիստերի ժամանակ, կամ առարկում էր հարցին, կամ էլ պարզապես հրաժարվում էր պատասխանել:

Կարեն Հունանյանը այսօր ամբողջությամբ հերքեց նախաքննական ցուցմունքները, հայտարարելով. «Իմ արարքների համար չեմ զղջում, ինձ մեղավոր չեմ ճանաչում, առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG