Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը հանդիպում է Իրանի հոգեւոր առաջնորդին





Իրանում իր պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Թեհրանից հեռախոսով հայտնեց Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, «հետաքրքիր զրույցի» ընթացքում Խամենեին գովեսի խոսքեր է ասել Իրանում ապրող 300.000 հայերի մասին: Իրանի հոգեւոր առաջնորդը Հայաստանի նախագահին փոխանցել է «երկու ժողոուրդների դարավոր բարեկամությունը հետագայում եւս շարունակելու» իր ջերմ ցանկությունը:

Մինչ այդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը ու Մոհամմադ Խաթամին առանձնազրույց էին ունեցել, որին հաջորդել էին ընդլայնված կազմով հայ-իրանական բանակցությունները: Քննարկվել են այն 12 փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են այցի ավարտին՝ հինգշաբթի օրը:

Ըստ իրանական աղբյուրների, երեկ կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Իրանի նախագահները համաձայնել են խորացնել հայ-իրանական հարաբերությունները: Մոհամմադ խաթամին Հայաստանի անկախություն ձեռք բերելուց ի վեր հայ-իրանական հարաբերությունները բնորոշել Է որպես «բարի դրացիների շփումներ», ասելով, թե երկու երկրները այժմ հնարավորություն են ստացել զարգացնել իրենց կապերը տարբեր բնագավառներում:

Հանդիպման ժամանակ արծարծվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: «Իրնա» գործակալության հաղորդմամբ, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ առաջընթացի վերականգման բանալին տարածաշրջանի երկրների համագործակցությունն է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG