Մատչելիության հղումներ

Սոցիալիստամետ ուժերը ստեղծում են նոր դաշինք


Աշոտ Մանուչարյանի «Սոցիալիստական Հայաստան» միավորումը վերածվելու է դաշինքի, որին անդամակցելու են Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միությունը, Հնչակյան եւ Սոցիալ֊-դեմոկրատական կուսակցությունները: Ապագա դաշինքի հիմնական բաղկացուցիչներն, անշուշտ, «Սոցիալիստական Հայաստանն» ու Հայկոմկուսն են լինելու:

Այսօր տեղի ունեցավ դաշինքի ստեղծման կոորդինացիոն խորհրդի առաջին նիստը: Ենթադրվում է, որ դաշինքը կղեկավարի Հայկոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին Հայկոմկուսը ի՞ր թեկնածուներին կառաջադրի, թե՞ ստեղծվելիք դաշինքի, Վլադիմիր Դարբինյանը ասաց. «Խորհրդարանական ընտրություններին մենք կգնանք դաշինքով: Ինչ վերաբերում է նախագահի միասնական թեկնածու առաջադրելուն, Կոմկուսի առաջնորդի խոսքերով, հարցը կքննարկեն դաշինքի մեջ մտնելիք սոցիալիստամետ ուժերի հետ:

Կոմկուսի կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը, սակայն, ասաց, թե «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այնքան պոտենցիալ ունի, որ անպայման կգնա նախագահական ընտրությունների միայն իր թեկնածուով»:

Ռուբեն Թովմասյանը ներկայացրեց նաեւ կուսակցության մարտավարությունը ժամանակավոր եւ մշտական դաշնակիցներ ունենալու հարցում: Ըստ նրա, մշտականների դեպքում պարտադիր է սեփականության ձեւի, ինչպես նաեւ Ռուսաստան֊-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցելու հարցում համախոհությունը:

Մնացածը ժամանակավորի ոլորտից է՝ օրինակ, Սահմանադրական դաշինքը, որը, բացի հայկոմկուսից, հայտարարել են Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ), Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), «Հանրապետություն» կուսակցությունը, «Սահմանադրական իրավունք» միությունը (ՍԻՄ) եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Վլադիմիր Դարբինյանը չբացառեց խորհրդարանական կառավարման սահմանադրական միասնական նախագծին աջակցելու հարցում «Սոցիալիստական Հայաստան» եւ Սահմանադրական դաշինքների համագործակցությունը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG