Մատչելիության հղումներ

Զինդատախազը հերքում է նախկին ամբաստանյալի մեղադրանքները


Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը չորեքշաբթի օրը կտրականապես հերքեց «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին ամբաստանյալ Հարություն Հարությունյանի պնդումները նախաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություններ գործադրելու մասին:

Երկու օր առաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստում գործով նախկին ամբաստանյալ Հարություն Հարությունյանը ժամանակավոր հանձնաժողովի անդամներին ներկայացրեց նախաքննության ընթացքում իր նկատմամբ իրականացված բռնությունների մանրամասները, պնդեց, որ այդ մասին գլխավոր դատախազությանը տեղյակ է պահել դեռ 2000թ. մարտին իր դիմում-բացարկով: 2000 թվականի մայիսին արդարացվելուց հետո, բացմիցս հանդես է եկել մամուլում, բայց դատախազությունը չի արձագանքել:

«Իմ ասածները բոլորը իրականություն են», - պնդել էր Հարություն Հարությունյանը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում:

Հարություն Հարությունյանի ներկայացրած բոլոր փաստարկները այսօր հերքեց Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Անդրադառնալով Հարություն Հարությունյանը հայտարարությանը, թե իրեն ծեծել են զինդատախազության 4 քննիչներ, Գագիկ Ջհանգիրյանը ասաց, որ Հարությունյանին դատախազություն բերել են երկու անգամ՝ փետրվարի 1-ին եւ մարտի 6-ին: Առաջին անգամ Հարությունյանը ցուցմունք տվել է, իսկ երկրորդ անգամ չի էլ հարցաքննվել, որովհետեւ նրա պաշտպանն այլ գործով զբաղված լինելու պատճառով չէր ներկայացել:

«Ինչո՞ւ չի ասում պարոն Հարություն Հարությունյանը, թե զինվորական դատախազության քննիչները առավոտից մինչեւ երեկո այդ որտեղ էին տանում իրեն ծեծում», - հարցրեց Գագիկ Ջհանգիրյանը:

Հարություն Հարությունյանի խոսքերով, իրեն ծեծի են ենթարկել նաեւ մեկուսարանում: Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, շարունակեց պնդել, որ իր ղեկավարած մարմնի աշխատակիցները որեւէ բռնություն ամբաստանյալների նկատմամբ չեն իրականացնել: Եվ ընդհանրապես, ծեծի վերաբերյալ բոլոր տեսակի հայտարարությունները (ոչ միայն Հարությունյանի, այլեւ Նաիրի Բադալյանի, Նաիրի եւ Կարեն Հունանյանների), Ջհանգիրյանի խոսքերով, «փչած փուչիկ» է:

«Եթե նրան ծեծել էին, նա ժամանակին կարող էր դիմել նույն գլխավոր դատախազին, եւ ոչ թե մեկուկես տարի հետո, երբ ոչ մի ծեծի հետք չէր կարող մնալ», - ասաց զինդատախազը, ավելացնելով, որ եթե մեղավորներ, այնուամենայնիվ, հայտաբերվեն, ապա նրանք պատասխանատվություն կկրեն:

Զինդատախազը քննադատեց նաեւ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եւ հատկապես որոշ պատգամավորների գործելակերպը, ասելով, որ նրանք անօրինական գործունեություն են ծավալել, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից, ակնհայտորեն դատական իշխանության ֆունկցիա են կատարում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG