Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Տարվա հրաժեշտի խմբագրականում «Առավոտ» թերթը նշում է. «2002 թվի մեջ հայելանման սիմետրիա կա: 20-ը 02-ի հայելանման արտացոլումն է: Այդպիսի թվեր մեր՝ ապրողներիս կյանքում այլեւս չեն հանդիպի... 20-ը եւ 02-ը ցույց են տալիս նաեւ դարերի, հազարամյակների բեկումը: Պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի ժամանակները տարօրինակ են, արտաքուստ անտրամաբանական, խռովահույզ, ապագայով հղի»:

«Առավոտ»-ը, այս առումով, շեշտադրում է. «Քաղաքակրթության նվաճումները չարիքի դեմ դեղամիջոց չեն: Անարդյունավետ էր ամենազոր ու ամենահարուստ ամերիկացիների ձգտումը՝ ապահովագրվել ամեն կողմից եւ տիեզերքում անվտանգության համակարգեր ստեղծել՝ ծախսելով դրա համար միլիարդավոր դոլարներ: Միլիարդները անզոր դուրս եկան ահաբեկիչների սատանայական հնարամտության դեմ... չարության եւ ատելության մտքի թռիչքը չի սահմանափակվում որեւէ բարոյական եւ տրամաբանական արգելքով... Ելքը՝ Բարության ու Սիրո քանակն ավելացնելն է»:

«Ամեն մի խեթ հայացք, ամեն մի վիրավորական բառ, ամեն մի անհանդուրժողական դատողություն ավելացնում է բացասական էներգիան աշխարհում: Իսկ դա վաղ թե ուշ բերում է պայթյունի: Այդպես եղավ թե’ հսկա Ամերիկայում, թե’ փոքրիկ Հայաստանում: 2002-ին երբեմն մտածենք դրա մասին», - հորդորում է «Առավոտ»-ը:

«Ցանկանում ենք, որ շուտով, մեկ-երկու տարի հետո ասենք, որ շատ մոտ ենք դրախտավայր-հայրենիք ունենալուն», - իր ընթերցողին է դիմում «Երկիր» թերթը: - «Եղիր երջանիկ, հպարտ եւ ուժեղ»: Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը Ամանորի ուղերձում արձանագրում է, որ 2001 թվականը թե' քաղաքական, թե' հասարակական ու մշակութային առումներով ծանրաբեռնված տարի եղավ, նկատելի ձեռքբերումներ եղան հատկապես արտաքին ճակատում: «Այս ամենով հանդերձ, առանցքային մնաց հիմնական եւ բուն խնդիրը՝ ժողովուրդն իր հիմնահարցերով», - առանձնացնում է ՀՅԴ-ն: - «Եթե դեռեւս շոշափելի չէ դրական տեղաշարժերի ազդեցությունը պարզ քաղաքացիների առօրյայի վրա, ապա ակնառու են սոցիալ-տնտեսական հոգսերն ու խնդիրները, անարդարություններն ու անօրինությունները»: Միակամությունը, սեփական ճակատագրի ու երկրի նկատմամբ գործնական մտահոգությունը. լավատեսությունն է Դաշնակցությունը տեսնում մեր ապագան:

«2001 թվականը քաղաքական փուչիկներ փչելու ժամանակաշրջան էր, իսկ 2002 թվականը լինելու է դրանց պայթելու եւ քաղաքական դաշտի հստակեցման տարի», - սահմանում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Գալիք տարվա ընթացքում պայքարը նկատելիորեն սրվելու է՝ բարձրացնելով Հայաստանի քաղաքական դաշտի ներկայումս զրոյին մոտեցող ջերմաստիճանը: Իսկ գիտությունը վաղուց է ապացուցել, որ ջերմաստիճանի տատանումները բացասական ազդեցություն են ունենում թույլ առողջություն ունեցող, առավել եւս արհեստածին օրգանիզմների վրա»: Քաղաքական նման փուչիկների որակում է մեկնաբանը տալիս ՀԺԿ, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն եռյակին, Սահմանադրության նույն նախագծի շուրջ հավաքված վեցյակին, ինչպես նաեւ ձախ ուժերի միավորմանը, կանխանշելով, թե գալիք տարում նրանց բոլորի «անհետացման գործընթացը օդային փոքր ցնցումներից բացի, ուրիշ որեւէ ազդեցություն չի կարող թողնել երկրի ներքաղաքական զարգացումների վրա», կձախողվի եւ ՀՀՇ-ն, որ հույս ունի «պայթող քաղաքական փուչիկների մնացորդներից քաղաքական օդապարիկ փչել»:

«Առավոտ» թերթը հարկ է համարել նոր տարվա շեմին եւս մեկ անգամ հիշեցնել քաղաքական դաշտը անընդհատ նախկինների ու ներկաների բաժանողներին, որ «այսօրվա բարձրագույն պաշտոնյաների մեծագույն մասը նախկինում էլ իշխանություն էր»: Թվարկվում են նախագահ Քոչարյանը, նախարարներից Սերժ Սարգսյանը, Հայկ Հարությունյանը, Երվանդ Զախարյանը, Շիրակի ու Լոռվա մարզպետները, Երեւանի քաղաքապետը, նախկին նախարար, ներկայումս ջրային ռեսուրսների կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը: Ի վերջո, նախկիններ ասողները կոնկրետ քանի՞ բարձաստիճան ղեկավարի անուն կարող են նշել, եւ դրանք ներկայումս մնացածների քանի՞ տոկոսն են եղել, - պարզություն է ակնկալում «Առավոտ»-ի մեկնաբանը:

«Չինովնիկական կրուկները ճզմում են խորհրդարանին» ընդգծման ներքո «Ազգ» թերթի մեկնաբանն էլ պատկերում է, որ չինովնիկները ուղղակի մատների վրա խաղացնում են օրենսդիրներին, եւ այս իրավիճակում որեւէ կարեւորագույն խնդրի հետաքննությանը կոչված խորհրդարանական հանձնաժողովներն էլ դատապարտված են անկարողության ու ձախողման:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG