Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանն ու Իրանը ամրապնդելու են երկկողմ հարաբերությունները


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Իրան: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամիի հետ բանակցություններում շոշափվում են գլխավորապես տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում կստորագրվեն էներգետիկային, մաքսային ոլորտին, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող համաձայնագրեր:

Թեհրան ժամանելով, Հայաստանի նախագահը լրագրողներին ասաց, որ բանակցություններում շեշտը դրվելու երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցերի վրա:

Հայաստանի հետ Իրանի կապերը «շատ լավ» որակելով նախագահ Խաթամին, իր հերթին, ասաց, որ «դրանք ամրապնդման կարիք ունեն»:

«Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Իրան կողմերի համար շրջադարձային նշանակություն է ունենալու», - «Ազատություն» ռադիոկայանին Թեհրանից հեռախոսով ասաց Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, քանի որ, ըստ դեսպանի, նախատեսված է ստորագրել համագործակցության տարբեր բնագավառներին վերաբերող փաստաթղթերի մի ծանրակշիռ փաթեթ:

Իրանի նախագահի «Իսլամական Հանրապետություն» պալատում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահ Քոչարյանը ծաղկեպսակ դրեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Խոմեյնիի դամբարանին:

Այսօր իսկ Հայաստանի նախագահը այցելեց Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, արժանանալով երեքհարյուրհազարանոց իրանահայ գաղութի բազմաթիվ ներկայացուցիչների ջերմ ընդունելությանը: Նախագահ Քոչարյանը ծաղկեպսակ դրեց եկեղեցու բակում գտնվող Մեծ եղեռնի զոների հուշակոթողին:

«Ավելի քան տասը փաստաթղթեր են ստորագրվելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամ Ղարիբջանյանը, դրանցից առանձնացնելով Հայաստան - Իրան գազատարի շինարարությանը վերաբերող փաստաթուղթը եւ մաքսային հարցերին նվիրված համաձայնագիրը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG