Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը հայտարարում է, որ «Առագաստ» սրճարանում կատարված սպանության հետաքննությունը «թերի է»


Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) երեքշաբթի օրը քննադատեց սեպտեմբերի 26-ին «Առագաստ» սրճարանում կուսակցության անդամ Պողոս Պողոսյանի սպանության գործով անցկացված հետաքննությունը, հայտարարելով, որ դատախազությունը չի կարողացել բացահայտել բոլոր հանցագործներին: Ազդեցիկ ազգայնական կուսակցությունը, սակայն, ձեռնպահ մնաց նախագահ Քոչարյանին մեղադրելուց:

«Այն փաստը, որ գործով միայն մեկ մարդ է մեղադրվել, վկայում է, որ հետաքննությունը թերի է անցկացվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի հասարակայնության հետ կապերի ու լրատվության պատասխանատու Գեղամ Մանուկյանը:

Ողբերգական միջադեպի հետաքննությունը եզրակացրել է, որ ջավախքաբնակ Պողոսյանը մահացել է նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի՝ Աղամալ Հարությունյանի հետ քաշքշուկի արդյունքում: Հարությունյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգուշությամբ կատարված սպանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 3 տարվա ազատազրկումն է:

Սակայն, սպանվածի ազգականները եւ որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում Նյու Յորքում գործող «Հյուման րայթս ուոթչ» միջազգային կազմակերպությունը պնդում են, որ Պողոսյանին ծեծելով սպանել են նախագահի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ:

«Մենք չենք քաղաքականացնելու խնդիրը», - ասաց Գեղամ Մանուկյանը, պատասխանելով Դաշնակցության հետագա քայլերին վերաբերող հարցին: - «Շատ բան կախված է դատավարության ընթացքից: Այն ցույց կտա արդյո՞ք բոլոր հայերը հավասար են օրենքի առջեւ, թե՞ կան արտոնյալներ»:

Դաշնակցության ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել «Հյուման րայթս ուոթչ»-ի ներկայացուցչի պնդումը, թե «Քոչարյանի՝ նախաքննությանը ցուցաբերված հրապարակային աջակցությամբ հանդերձ, իրականությունն այն է, որ իրավապահ մարմինները վկաներին՝ ցուցմունքներ տալու դեպքում, անվտանգության երաշխիքներ չեն տվել»:

«Տասնյակ վկաներ տեսել են, թե ինչպես են թիկնապահները ծեծում Պ.Պողոսյանին դեռ «Առագաստ» սրճարանում, սակայն հնարավոր հետեւանքների նկատմամբ վախն ու դրանով պայմանավորված դավադիր լռությունը հանգեցրել են նրան, որ նախաքննությունն ականատեսների ցուցմունքներ չի ունեցել», - ասված է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Գեղամ Մանուկյանը, սակայն, հակադարձեց, թե «միայն վախը չէ, որ հետ է պահում մարդկանց ցուցմունքներ տալուց... Դա դարձել է մեր ժողովրդի հոգեկերտվածքի առանձնահատկություննից մեկը»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG