Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է հանրապետության բնակչության 51%-ը, այսինքն՝ կեսին ավելին». Հայակական սոցիոլոգիական ասոցիացիայի հարցման ի հայտ բերած այս ցուցանիշը, «Առավոտ» թերթի ձեւակերպմամբ, «վերընտրվելուն նախապատրաստվող Քոչարյանի համար պարզապես ոսկե երազ է»: Թերթը, սակայն, ընդգծում է, որ հարցման արդյունքներով ուրվագծվող պատկերը չափազանց հակասական է: Մարդիկ «Ժողովրդավարության գոյությանը չեն հավատում, անկախ դատական համակարգին՝ նույնպես։ Անգամ չեն հավատում ու վստահում ընտրություններին ճիշտ կողմնորոշվելու եւ ճիշտ ընտրություն անելու իրենց կարողությանը»։ Այնպես որ, այս ֆոնի վրա նախագահին վստահելու նման ցուցանիշը հավատ չի ներշնչում:

Քննելով, թե ինչու ընտրապայքարը սկսվեց ընտրություններից այսքան շուտ, «Ժամանակ» թերթի մեկնաբանը առանձնացնում է. «Ժողովրդին կրկին քաղաքական գործոն դարձնելու հարցը վերջին տարիներին դարձել է ընդդիմության գերխնդիրը: Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում է համեմատաբար բարձր վարկանիշ եւ ըստ այդմ էլ հավակնություններ ունեցող կուսակցությունների մտահոգությունը առ այն, որ եթե այսօրվանից չլծվեն ժողովրդին նիրհից արթնացնելու ծանր գործին, հետագայում կարող են հայտնվել ցայտնոտային վիճակում... Ընտրապայքարը ժամանակից շուտ սկսելու խթաններից մեկն էլ այն է, որ քաղաքական դաշտում չկա իրենց վարկանիշով մնացածներին նկատելիորեն գերազանցող 1-2 կուսակցություն, եւ այդ պարագայում նախկինում իրենց չդրսեւորած քաղաքական ուժերը մրցակցությանը դիմանալու շանսեր են ձեռք բերում ու ակտիվացնելով գործունեությունը՝ միաժամանակ փնտրում են ուժեղ դաշնակիցներ»:

Մեկնաբանի հայացքով, ընդդիմությունը «իշխանություններին մահացու մեղքերի մեջ մեղադրելու, թունդ հայհոյանքների միջոցով ժողովրդին գրգռելու» հնարքներից անցնում է «ինտելեկտուալ-գաղափարական ոլորտ»: «Սակայն այստեղ էլ հասարակության քաղաքական կիրքը արթնացնելու փորձերը ամենայն հավանականությամբ կձախողվեն, թեկուզ այն պատճառով, որ բնակչության մեծ մասի քաղաքական գիտակցությունն այնքան բարձր չէ, օրինակ, Սահմանադրության դրական կամ թերի կողմերը գիտակցելու համար»:

«Իրավունք» թերթի շեշտադրմամբ, իշխանությունն ամեն կերպ ջանում է որպես ընդդիմություն ունենալ նախկիններին, որոնք վարկաբեկված են ու նաեւ կառավարելի՝ իրենց կենսագրության կուտակված կոմպրոմատային էջերի պատճառով: Մինչդեռ Սահմանադրության այլընտրանքային նախագծի շուրջ միավորված ուժերը, հայտնի ու փորձված քաղաքական դեմքերով, ծանրակշիռ թիմ են կազմել եւ իշխող թիմի հետ մրցակցելու շատ ավելի լուրջ հնարավորություն ունեն:

Աշոտ Մանուչարյանը «Ազգ»-ի հարցազրույցում գնահատական է տալիս, թե եւ' ընդդիմադիր եռյակի, եւ' սահմանադրական շարժման գործունեությունը դրական է, եւ մեկը մյուսին չի խանգարում: «Հայկական ժամանակ» թերթն էլ փոխանցում է Արկադի Վարդանյանի քաղաքական ակտիվացման մի նոր դրսեւորում: Վերջինս դիմել է գլխավոր դատախազ Թամազյանին. - «...պահանջում եմ անհապաղ դադարեցնել իմ նկատմամբ սկսված շինծու քրեական հետապնդումը՝ կարճելով քրեական գործը՝ իմ արարքում հանցակազմի բացակայության պատճառով, պաշտոնապես ներողություն խնդրել ինձանից եւ իմ ընտանիքի անդամներից՝ ինձ պատճառված բարոյական, նյութական եւ ֆիզիկական վնասների համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ Ձեզ, որ մերժում ստանալու դեպքում ինձ իրավունք եմ վերապահում դիմել միջազգային ատյաններ»։

Մոսկովյան հեռուստատեսությամբ օրերս ներկայացված մի հաղորդման առիթով, որի հեղինակը հերյուրանքներով ու հայհոյանքներով փորձում էր Հայաստանը պիտակել «տեռորիստական երկիր», «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Մեր իշխանությունը հսկայական միջոցներ եւ ուժեր է ծախսում ներքին քարոզչության համար՝ ապացուցելու, որ բոլոր նրանք, ովքեր որեւէ հարցում հակադրվում են Քոչարյանին, դավաճան են, հանցագործ եւ «մոսկա»: Այստեղ ռեսուրսների ակնհայտ վատնում է գնում՝ ընկածին, թույլին խփելու համար ո՛չ մեծ խելք է պետք, ո՛չ էլ արիություն: Մտավոր զգալիորեն ավելի մեծ ճիգեր են հարկավոր՝ արտաքին քարոզչություն կազմակերպելու համար... Մեզ մոտ դա չի արվում՝ իշխանական քարոզչամեքենայի ուժն ու խելքը պատում է միայն տեղական ընդդիմադիրների վրա»:

Քաղաքական հաշվեկշիռներից ավելի, կյանքը այս օրերին, այնուամենայնիվ, առաջ է մղում սոցիալականը: Անցնելով շուկաներով, «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փորձում է կշռել Ամանորի սպառողական զամբյուղը, եւ հաշվարկել է, որ միջին տոնական սեղանը պահանջում է 100-150 դոլար: Վաճառողներից շատերի դիտարկմամբ, սակայն, շուկայում միջին խավն ընդհանրապես բացակայում է: «Կամ շատ հարուստներ են գալիս, որոնք իրենց գրպանին չեն նայում, կամ էլ լրիվ աղքատ մարդիկ, որոնք նայում-գնում են»: Եվ ընդհանուր առմամբ էլ, այս տարի, նախորդ տարվա համեմատ, 2-3 անգամ նվազել է մարդկանց գնողունակությունը»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն էլ այսօր արձանագրում է. «Հարուստներն է'լ ավելի են հարստացել, իսկ աղքատները՝ աղքատացել ու հուսալքվել: Նման պայմաններում շարունակվել եւ է'լ ավելի մեծ թափ է ստացել միջին խավի նոսրացման գործընթացը, քանի որ այդ խավը ընկել է կրկնակի աքցանի մեջ: Նա չի ցանկանում ապրել աղքատի կյանքով, ուստի փորձում է ծավալել տնտեսական ոչ մեծ գործունեություն, բայց չի կարողանում ապրել նաեւ հարուստի կյանքով՝ կատարել այդ գործունեության արդյունքում առաջ եկող պարտավորությունները՝ ոչ այնքան պետության, որքան նրա չինովնիկական ապարատի օղակների հանդեպ: Միջնախավի թուլացումը եւ սոցիալական բեւեռացման ուժեղացումը բացասական հետեւանքներ է խոստանում նաեւ հանրապետության ներսում ծավալվող քաղաքական գործընթացների համար: Դա հենց այն ենթահողն է, որը 2003 թվականին Հայաստանը կարող է բաժանել երկու հակադիր ու թշնամական ճամբարների ու կտրուկ ապակայունացնել երկրի ներքաղաքական կացությունը»:

Մեկնաբանի պատկերավոր ամփոփմամբ, «իշխանությունն իր համար պարտավոր է անել մեկ հիմնական քաղաքական եզրահանգում՝ 2002 թվականը անհրաժեշտ է դարձնել ոչ միայն ստվերայնության դեմ պայքարի, այլեւ լեգալ տնտեսական դաշտում առկա «խոշոր եղջերավորներին» խուզելու եւ «մանր եղջերավորների» բուծման գործընթացն արագացնելու տարի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG