Մատչելիության հղումներ

Կառավարությունը պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակում է 2002 թվականի բյուջեի նախագիծը


Կառավարությունն իր այսօրվա արտահերթ նիստում քննության առնելով 2002 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների ավելի քան 200 առաջարկությունները, որոնք գործադիրի նախատեսած պետական ծախսերի մեջ ընդհանուր առմամբ 24 միլիարդ դրամի ավելացում էին ենթադրում, նպատակահարմար գտավ պետական ծախսերը ավելացնել ընդամենը 3 միլիարդ 700 միլիոն դրամով։

«Աղբյուրները հետեւյալն են՝ 1.3 միլիարդ սեփականաշնորհման մուտքեր դրվեցին բյուջեի մեջ, 1.7 միլիարդով Կենտրոնական բանկի եկամուտն է շատացել,եւ պահուստային ֆոնդն է 600 միլիոն դրամով կրճատվել», - նիստից հետո լրագրողներին ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Ըստ Պավել Սաֆարյանի, հավելված գումարից 1 միլիարդ 300 միլիոն դրամը ծախսվելու է Աղետու գոտու շինարարության վրա (բյուջեի նախագծի նախնական տարբերակով այդ նպատակի համար գումար չէր հատկացված)։

Բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում պատգամավորների քննադատության թիրախներից մեկը պետական մի շարք կառույցների կողմից իրենց իսկ համար սահմանած չափազանզ բարձր աշխատավարձերն էին, որոնք, որոշ դեպքերում 15-20 անգամ ավելի էին, քան բյուջետային ոլորտի միջին աշխատավարձը։

Օրինակ, Արժեթղթերի կամ Էներգետիկայի հանձնաժողովների նախագահները իրենց համար ավելի քան 1000 դոլար աշխատավարձ են պահանջել: Այսօրվա քննարկման արդյունքում որոշվեց, 195 միլիոն դրամով կրճատել այդ հանձնաժողովիների համար նախատեսված գումարները:

Այդուհանդերձ, այսօրվա քննարկումների արդյունքում բյուջեի նախագծի նախնական տարբերակը ընդամենը կոսմետիկ փոփոխություններ կրեց: Կառավարության տեսակետն այսպիսին է. բյուջեի նախագիծը կատարման առումով ռիսկային է, ու նրա բաղադրիչները, թե' ծախսերի եւ թե' եկամուտների առումով լուրջ փոփոխություններ կրել չեն կարող:

«Ֆինանսական առումով հավասարակշռված բյուջե է: Ռիսկեր որոշակի, այո', կան... վերցված է եկամուտների բավականին հավակնոտ ծրագիր», - ասաց Պավել Սաֆարյանը:

Ըստ 2002-ի բյուջեի վերջնական նախագծի, հաջորդ տարի պետական ծախսերի առյուծի բաժինը վերստին ուղղվելու է պաշտպանության եւ ազգային անվտանգության բնագավառին, սոցիալական ոլորտի ծախսերը կազմելու են 15,5 տոկոս է։

Արտաքին պարտքի սպասարկմանը հատկացվելու է բյուջեի ծախսերի 6 տոկոսը, ավելի քիչ, քան այս տարի էր։ Այստեղ են մտնում նաեւ ռուսական պարտքի սպասարկման ծախսերը, որոնք հաջորդ տարվա բյուջեում, կարծես թե, չպետք է լինեն, հաշվի առնելով «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի իրականացման ուղղությամբ անցած շաբաթ Հայաստանի նախագահի աշխատանքային այցի ընթացքում Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Սակայն, քանի դեռ պարտքի դիմաց ձեռնարկությունների փոխանցման գործարքը չի կայացել ու փաստաթղթերը չեն ստորագրվել, ռուսական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիարդ դրամը նախատեսված է հաջորդ տարվա պետական ծախսերի մեջ։

Ըստ Պավել Սաֆարյանի, կառավարությունը հուսով է, որ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը դեկտեմբերի 27-ին կընդունի 2002 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագիծը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG