Մատչելիության հղումներ

2002 թվականին Հայաստանը կարող է դառնալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ


Առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարարի խոսքերով, Հայաստանը կարող է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ դառնալ 2002 թվականի առաջին կեսին, ինչը, ի թիվս այլ առավելությունների, Հայաստանին թույլ կտա լուրջ երաշխիքներ տալ օտարերկրյա ներդրողներին:

Առեւտրի համաշխարահային կազմակերպությանը անդամակցելու հարցը լուծվում է կազմակերպության բոլոր անդամ-երկրների կոնսենսուսով, այսինքն՝ մեկ երկրի դեմ լինելը կարող է վճռորոշ լինել Հայաստանի համար:

Բանակցային եւ նախապատրաստական գրեթե տասնամյա շրջանը, ըստ փոխնախարար Տիգրան Դավթյանի, արդեն վերջին փուլում է: Ավարտվել են ԱՀԿ անդամ-երկրների հետ երկկողմ բանակցությունները, իսկ բազմակողմ բանակցությունները մոտ են ավարտին:

«Այդ բազմակողմ բանակցությունները ընթանում են հիմնականում ԱՄՆ-ի հետ, որը հանդես է գալիս անդամ-երկրների անունից: Այստեղ նույնպես հարցերի զգալի մասը արդեն ավարտել ենք», - ասում է փոխնախարարը:

Մեծ աշխատանք է տարվել Հայաստանի օրենսդրական դաշտը ԱՀԿ պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ձեւավորված է անդամակցության համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ կտա Հայաստանին միջազգային այս հեղինակավոր կառույցին անդամակցելը, Տիգրան Դավթյանը ասաց, որ նախեւառաջ «Հայաստանն ավտոմատ ստանալու է առավել բարենպաստության ռեժիմ անդամ-երկրների հետ առեւտրում»:

Բացի դրանից, ըստ Դավթյանի, ԱՀԿ-ին անդամակցելով Հայաստանը կլուծի իր ամենացավոտ խնդիրներից մեկը. կկարողանա լուրջ երաշխիքներ տալ ներդրողներին:

«Անդամակցությունը թույլ չի տալիս կատարել որոշակի քայլեր, որոնք իսպառ հակասում են աշխարհում ընդունված առեւտրատնտեսական քաղաքականության նորմերին: Անդամակցությունը կհանի տնտեսական օրենսդրության փոփոխության հետ կապված ռիսկերը, ինչը հիմնական ռիսկերից մեկն է ներդրողների համար», - ասաց նա:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG