Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Բանկային համակարգի խնդիրների սրման հերթական փուլ է կարծես բացվում «Կրեդիտ-Երեւան» բանկի, այսպես ասած, տապալմամբ: Ինչպես արձանագրում է «Առավոտ» թերթը, այստեղ «ֆիզիկական անձանց ավանդների ծավալը գերազանցում է 10 մլն ամերիկյան դոլարը, իսկ բանկի ընդհանուր պարտավորությունները գերազանցում են 30 մլն դոլարը: Մասնագետների հաշվարկներով՝ բանկը փրկելու համար կպահանջվի 8-10 մլն ամերիկյան դոլարի ներդրում, սակայն դժվար թե գտնվի մեկը, որ ցանկություն ունենա նման չափի ներդրում կատարել «պայթած» բանկում»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, «Կրեդիտ-Երեւան» բանկի խոշոր սփյուռքահայ ավանդատուներից մեկը պատրաստվում է մոտ օրերս դատարան դիմել հայցով՝ ընդդեմ Կենտրոնական բանկի, եւ մեղադրել վերջինիս ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու մեջ: Նշվում է, որ «Կենտրոնական բանկը, ոտնահարելով գործող օրենսդրությունը, ազատել է բանկին պատժամիջոցների կիրառումից, ինչը եւ հանդիսացել է «Կրեդիտ-Երեւան» բանկում ստեղծված ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը»:

Նման իրավիճակ ուրվագծվում է եւ «Հայագրոբանկի» առնչությամբ: Կենտրոնական բանկի կեցվածքը կրավորական ու անհասկանալի է որակում նաեւ «Հայկական ժամանակ» թերթը, առանձնացնելով, որ մինչեւ օրս իրավիճակի մեկնաբանություններ չեն տրվել, եւ ավանդատուների մի մեծ զանգված հայտվել է անորոշության ու անհուսության մեջ:

«Ում ձեռքում է Հայաստանի ազգային հարստությունը» հարցի շրջանակում «Առավոտ»-ի մեկնաբանն այսօր ներկայացնում է առավել եկամտաբեր ոլորտների ցանկը ու կցում. «Նախարար Սերժ Սարգսյանի անվան կողքին կարելի է առնվազն 3 գործարարի անուն հիշատակել, որոնք տնօրինում են այս աղյուսակում նշված բազմաթիվ ոլորտներ։ Նրանց անվան հետ են կապվում գերշահույթ ապահովող 3 ոլորտներից երկուսը՝ բենզինը եւ սպիրտը։ Ընդ որում, բենզինի ներմուծման առումով՝ մի գործարարը վայելում է մենաշնորհ... Պղնձի, ոսկու, մոլիբդենի արտահանումը՝ խոշոր հաշվով, համարվում են պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարությունների ենթակայության ներքո գտնվող ոլորտներ... Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող գործարարները գործունեություն են ծավալել նաեւ շինանյութերի, մասնավորապես՝ ցեմենտի արտադրության ոլորտում, օդագնացության մեջ, բանկային համակարգում... Նրանք կան նաեւ շահութաբեր այլ ոլորտներում՝ հացի արտադրություն, գազալցակայաններ, շաքարի, դեղորայքի ներմուծում։ Ընդսմին, այս ընթացքում գրեթե մենաշնորհային դարձավ նաեւ սննդամթերքի ներմուծման ոլորտը, իսկ այդպես չէր եղել երբեք»։ Ի վերջո, «Առավոտ»-ում ամփոփված է. «Ասպարեզում մնացել է մեն մի հատիկ կլան, որ շատերն անվանում են ուղղակի «ղարաբաղյան», եւ առավել եկամտաբեր ճյուղերը կենտրոնացել են դրա մի քանի ներկայացուցիչների ձեռքերում»։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից Վահագն Խաչատրյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. «Ես չեմ ուզում կասկածի տակ վերցնել հատկապես պետական վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը: Չեմ բացառում, որ մինչեւ տարեվերջ 6-7 տոկոս տնտեսական աճ լինի: Սակայն դա չի նշանակում, թե մեր կյանքը լավացել է 6-7 տոկոսով կամ գոնե 5 տոկոսով: Որովհետեւ այդ աճն իրենց վրա կզգան շատ սահմանափակ թվով մարդիկ... Հայաստանում, ցավոք, տնտեսական աճի հետ մեկտեղ աղքատությունն ավելի արագ տեմպերով է աճում ու զարգանում»: Աշխատատեղերի մասով ներկայացվածը Վահագն Խաչատրյանի որակմամբ, տրագիկոմեդիայի ժանրից է: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Հայաստանում շատ վտանգավոր վիճակ է՝ «ֆինանսական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, լճացում»: Քաղաքական դաշտում էլ Վահագն Խաչատրյանը վտանգավոր հեռանկար է տեսնում՝ մասնավորապես Սահմանադրության փոփոխության հարցում խիստ բեւեռացումների մղող իշխանական պահվածքի հետեւանքով:

«Իրավունք»-ի մեկնաբանն այսօր զուգահեռել է. «Տերպետրոսյանիզմի ակնհայտ դրսեւորումը նաեւ Քոչարյանի մոտ ավելի ու ավելի ուժգնացող ինքնահավանության ու անսխալականության սինդրոմն է, որը ուղեկցվում է այլախոհության նկատմամբ սրընթաց աճող անհանդուրժողականությամբ... Ե'վ Տեր-Պետրոսյանը, եւ' Քոչարյանը, ի վերջո, մնացին միմիայն ուժային կառույցների եւ կիսաքրեական օլիգարխիայի հույսին»: Բայց եթե Տեր-Պետրոսյանը մեկնարկեց իր թիկունքում ունենալով ընտրությունների մասնակիցների 83 տոկոսի քվեները, Ռոբերտ Քոչարյանի նախագահական մեկնարկը ավելի համեստ տոկոսներով է: Բացի այդ, Տեր-Պետրոսյանն ուներ իր գործողությունների համար ամբողջովին պատասխանատվություն կրող բավականին հզոր քաղաքական ուժ, ի դեմս ՀՀՇ-ի»:

«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է, թե ինչպես է հստակվում, որ որոշ կուսակցություններ «առաջիկա ընտրություններում պայքարելու է ոչ թե ժողովրդի քվեն ստանալու, այլ Քոչարյանի հենարանը լինելու համար», որպեսզի պարզապես մոտ լինեն իշխանական կերակրատաշտին: Խոսքը առաջին հերթին Հայաստանի ռամկավարների մասին է, որոնք, ինչպես արձանագրում է մեկնաբանը, հանուն այդ նպատակի, բավական դադարից հետո հարձակումներ են սկսել նաեւ Դաշնակցության վրա: ՀՌԱԿ-ը «հավանաբար, մտավախություն ունի, որ Քոչարյանը կարող է չլսել իր սիրո խոստովանությունները», - ձեւակերպում է մեկնաբանը:

Դաշնակցության պաշտոնաթերթում այսօր այս առումով արձագանք չկա ՀՌԱԿ-ի «Ազգ» թերթի երեկվա հրապարակմանը: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանն ասել է. «Ամեն օրաթերթի հուզական շինծու մեղադրանքներին պարտավորված չենք պատասխանել»: Իսկ Դաշնակցության պատգամավորական խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը օրերս Միացյալ Նահանգներում ու Կանադայում ունեցած հանդիպումների հիման վրա «Երկիր»-ի հարցազրույցում կիսվում է. «Այն մթնոլորտն էր տիրում ու համոզվածությունը, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումը ունենալ ընդհանուր գործում: Իսկ ընդհանուր գործը հզոր Հայաստանի կառուցումն է, նրա շահերի շուրջ համախմբվելը... Եթե մենք կարողանանք որպես մեկ ժողովուրդ կազմակերպվել Հայաստանում եւ Սփյուռքում, կարողանանք այդ կազմակերպվածությունը հիմնական ուղղություններով առաջնորդել, ապա վստահ եմ, որ մենք մոտ ապագայում ռեալ հնարավորություն կունենանք դասվելու աշխարհում լուրջ ուժ ու կշիռ ունեցող ազգերի շարքում, դիմանալ նրանց ահեղ մրցակցությանը: Սա պարզորոշ գիտակցում են նաեւ Սփյուռքում, եւ պատահական չէ, որ մարդիկ մեծ ակնկալիքներ ունեն Հայաստան - Սփյուռք առաջիկա համաժողովից՝ կազմակերպվածությունը նոր մակարդակի բարձրացնելու, այն գործադրելու մեխանիզմներ ստեղծելու առումով»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG