Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը «հուսադրող» է համարում գրանցված տնտեսական աճը


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Կարպիս Իրադյանի գնահատումներով, այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական զարգացումները հուսադրող են, սակայն շոշափելի բարելավման կարիք ունի հարկահավաքման ոլորտը:

«Ընթացիկ տարվա տասը ամսվա ընթացքում գրանցված 9.5 տոկոս տնտեսական աճը, ու ցածր՝ մոտ 3 տոկոսին մոտ սղաճը, թույլ են տալիս ակնկալել, որ տարին կեզրափակվի առնվազն 8 տոկոս տնտեսական աճի նշագծի վրա», - «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում ասաց Կարպիս Իրադյանը։

Նրա կարծիքով, սակայն, գրանցված տնտեսական աճը բավարար չէ լուրջ սոցիալական խնդիրներ լուծելու համար՝ «Հայաստանում բավական աճ կա վերջին տարիներին, բայց, միաժամանակ, չենք նկատում, որ աղքատության մակարդակը նվազի... Հարուստն ավելի է հարստանում, աղքատը մնում է նույն մակարդակին»:

ԱՄՀ ներկայացուցիչը համոզված է, որ սոցիալական բեւեռացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է առնվազն 8-9 տոկոս տնտեսական աճ՝ 4-5 տարի շարունակ։

Կարպիս Իրադյանն ասաց, որ ԱՄՀ-ն լուրջ վերապահումներ ունի մեր տնտեսության վերաբերյալ՝ հատկապես բյուջեի կատարման կապակցությամբ:

«Մեր հիմնական մտահոգությունը կապված է հարկահավաքման ոլորտի հետ։ Թեեւ, բյուջեի դեֆիցիտը Համախառն ներքին արդյունքի մեջ գնալով նվազում է, սակայն հարկահավաքման մեջ շոշափելի տեղաշարժեր մենք չենք տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իրադյանը։

Անցյալ տարի հավաքված հարկերը կազմել էին երկրի Համախառն ներքին արդյունքի 14,7 տոկոսը, այնինչ այս տարի՝ ընդամենը 14 տոկոսը։ Մինչդեռ, Կարպիս Իրադյանի համոզմամբ, Հայաստանը չի կարող անվերջ իր բյուջեի ճեղքվածքը փակել արտաքին աղբյուրների, այն է՝ արտաքին պարտքի մեծացման հաշվին։

Հիմնադրամի ներկայացուցիչը կարծում է, որ վարչարարական միջոցառումները եւ օրենքները բոլորի նկատմամբ հավասար կիրառելու դեպքում հաջորդ տարի հարկային եկամուտները կարող են զգալիորեն աճել՝ հասնելով երկրի Համախառն ներքին արդյունքի 20 տոկոսին, եւ ոչ թե 15 տոկոսին, ինչպես ծրագրված է 2002 թվականի պետական բյուջեի նախագծում։

«Համեմատած ԱՊՀ երկրների, Լատինական Ամերիկայի, Մերձավոր ու Միջին Արեւելքի զարգացող երկրների հետ Հայաստանը ունի հարկերի հավաքման ամենացածր ցուցանիշներից մեկը», - ասաց Իրադյանը։

Արժույթի միջազգային հիմնադրամի դիտողություններից մեկն էլ վերաբերում է կոռուպցիայի բարձր մակարդակին, մասնավորապես, հարկային ոլորտում։ Հիմնադրամը պահանջում է կառավարությունից, որ գործարարների հարկային պարտավորությունները հաշվառվեն համաձայն օրենքի, եւ ոչ թե բանակցվեն-սակարկվեն հարկատուների հետ, ինչը կաշառակերություն է ծնում։

Թերեւս, այս ու մի շարք այլ դիտողությունների պատճառով է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվել է Հայաստանին տրամադրել Աղքատության կրճատման ծրագրով նախատեսված վարկի հերթական՝ 10 միլիոն դոլարի մասաբաժինը։ 87 միլիոն դոլար արժեցող այդ վարկի առաջին՝ 13 միլիոն դոլարի մասաբաժինը կառավարությունը ստացել է այս տարվա մայիսին։

Ընթացիկ տարվա համար նախատեսված ՍԱՔ-4 վարկի երկրորդ մասաբաժինը եւս Համաշխարհային բանկը չի տրամադրում, քանի որ Արժույթի հիմնադրամը, ինչպես սովորաբար ընդունված է, երաշխագիր չի տալիս։

Հնչեցնելով Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանի հիմնական պարտատերերից մեկի վերաբերմունքը «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում ունեցած գույքով արտաքին պարտքերը մարելուն, Իրադյանն ասաց, թե Արժույթի միջազգային հիմնադրամը ընդհանուր առմամբ դրան դեմ չէ:

Կարճ ժամանակահատվածում, կարծում են ԱՄՀ-ում, այդ գործարքը կկրճատի երկրի արտաքին պարտքի բեռը ու թույլ կտա բյուջեի խնայված միջոցները, որոնք տարեկան մոտ 20 միլիոն դոլար են կազմում, ծախսել սոցիալական ոլորտում։ Հնարավոր է նաեւ, որ այս գործարքի արդյունքում Հայաստանը որոշ ներդրումներ ստանա Ռուսաստանից, որոնցով լրացուցիչ աշխատատեղեր կստեծվեն։

Այնուամենայնիվ, «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւով ձեռնարկությունների հանձնման երկարաժամկետ հետեւանքները հիմնադրամի ներկայացուցիչը միանշանակ չի գնահատում։ Նա կարծում է, որ պարտքի դիմաց ռուսաստանյան կողմին հանձնված ձեռնարկությունները մասամբ կամ ամբողջությամբ կմնան պետական սեփականություն, ինչը չի համապատասխանում մասնավորեցման ոլորտում վարվող քաղաքականությանը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG