Մատչելիության հղումներ

Հարցվածների մեծամասնության կարծիքով, Հայաստանում չկա ժողովրդավարություն


Ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից անցած հունիսին Հայաստանում անցկացրած սոցիոլոգիական հետազոտության շրջանակում հարցման ենթարկված 1500 հայաստանցիները երկրում առկա խնդիրների հսկա ցուցակ կարող են ներկայացնել, նրանց 81 տոկոսը, սակայն, դրանց լուծման համար որեւէ քայլ չի ձեռնարկում: Ներկայացված տվյալների հիման վրա հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը բացասական է:

Հարցման ենթարկվածների 62 տոկոսի կարծիքով, Հայաստանում ժողովրդավարություն չկա, միայն 15 տոկոսն է որոշակիորեն պնդում հակառակը: Իհարկե, կարեւոր հանգամանք է նաեւ այն, թե հարցվողները ինչ են հասկանում ժողովրդավարություն ասելով:

Հայաստանյան ժողովրդավարությունը քննադատողները հատկապես նրանք են, ովքեր դա ավելի հաճախ բացատրում են որպես օրենքի գերակայություն, օրենքի առջեւ բոլորի հավասարություն, մարդու իրավունքների պաշտպանություն: Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանում մասամբ կամ լիովին ժողովրդավարություն կա կամ երկիրն այդ ուղղությամբ է գնում, ժողովրդավարություն ասելով հասկանում են ազատություն:

Հարցման ենթարկվածների մոտ 60 տոկոսը հետաքրքրված է քաղաքական զարգացումներով, միեւնույն ժամանակ 58 տոկոսը վստահ չէ, որ իրենք ինչ-որ բան կարող են փոխել երկրում, այսինքն՝ անկախ նրանից, թե ընտրություններին ում ձայն կտան, երկրի վիճակը չի փոխվի:

Հարցվողները համեմատաբար ավելի բարձր վստահություն ունեն կոնկրետ անձանց նկատմամբ: Այսպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վստահությունը 51 տոկոս է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների, այսինքն գյուղապետերի, համայնքապետերի նկատմամբ՝ 48 տոկոս:

Հարցման հեղինակները եզրակացրել են, որ հայերը շարունակում են հետաքրքրվել երկրի քաղաքական կյանքով, առավելապես Երեւանում (մոտ 45 տոկոս), թեեւ համոզված են, որ իրենց ընտրյալներն ու քաղաքական ղեկավարները «ավելի շատ զբաղված են իրենց ընտանիքների ֆինանսական, քան ընդհանրապես հայերի սոցիալական պայմանները բարելավելով»:

Հետազոտության համահեղինակներից Գեւորգ Պողոսյանը հիվանդագին է համարում ընտրությունների նկատմամբ անվստահությունն ու զուգահեռաբար քաղաքականության նկատմամբ բնակչության մեջ աճող հետաքրքրությունը: Մարդիկ մի կողմից վստահ չեն, թե ընտրությունների միջոցով կարող են ինչ-որ բան փոխել երկրում, մյուս կողմից էլ՝ չեն պատկերացնում թե ինչ մեթոդներով է հնարավոր ազդել իշխանությունների վրա:

Հայաստանում չեն վստահում դատական իշխանություններին: Հարցվածների 51 տոկոսը չի վստահում դատավորներին: Այսինքն 1500 քաղաքացուց 765-ը համոզված է, որ Հայաստանում արդարադատություն չի իրականացվում:

Հարցվողների հատկապես կրթված մասը շարունակում է հնարավորություններ փնտրել արտասահմանում: Ավելի ստույգ՝ համալսարանական կրթություն ունեցողների 22, իսկ միջնակարգ կրթություն ունեցողների 25 տոկոսը: Հարցված 18-29 տարեկան երիտասարդներից միայն 33 տոկոսն է պատրաստ մնալ Հայաստանում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG