Մատչելիության հղումներ

Դավիթ Վարդանյանի կարծիքով, հարկավոր է մասնավորեցնել էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունները


Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը համոզված է, որ մասնավորեցնել է պետք ոչ միայն բաշխիչ ցանցերը, այլեւ էներգիա արտադրող ձեռնարկությունները:

Հայաստանի բաշխիչ ցանցերը, որոնց մասնավորեցման միջազգային մրցույթը երկու անգամ տապալվել է, կառավարությամբ որոշմամբ, հանձնվելու են որոշակի ժամկետով որեւէ մասնավոր ներդրողի՝ հավատարմագրային կառավարման։

«Բացարձակ համաձայն չեմ, որ բաշխիչ ցանցերը մեր ազգային հարստությունն են... Բաշխիչ ցանցերը ապրանք են, բայց այսօրվա վիճակով բաշխիչ ցանցերը պետությանը միայն վնաս են տալիս: Միայն Էրեբունու ցանցում կորուստները 72 տոկոս են ցույց տալիս», - այսօր ասաց Դավիթ Վարդանյանը:

8-10 տարվա ընթացքում պետական գույքի մասնավորեցումը կբերի իրավիճակի, երբ մասնավորի հետ պետությունն էլ կունենա իր բաժնեմասը տարբեր հիմնարկություններում: Պետության բաժնեմասը, սակայն, այնքան քիչ կլինի, որ հնարավություն կբացվի այդ ամենը կառավարել մեկ գերատեսչության կողմից, անցում կատարելով անուղղակի կառավարման սկզբունքին, ինչն առավելապես նշանակելու է վերահսկողություն: Այսպիսի հեռանկար է ուրվագծեց Հայաստանի պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը «Պետական գույքի կառավարման քաղաքականությունը» թեմայով իր այսօրվա զեկուցման մեջ:

«Անուղղակի կառավարումը ենթադրում է, օրինակ, հավատարմագրային կառավարում, օպերատորի կառավարում: Դա նշանակում է, ասենք, վարձով տալ եւ այլն: Ուղիղ կառավարումը արդեն նախարարության ֆունկցիան չի լինի, քանի որ նախարարությունը չի կարող այդքան շատ մասնագետներ ունենալ», - պարզաբանեց նախարարը:

Փաստարկելով պետական գույքի կառավարման այդպիսի եղանակի առավելությունները, Դավիթ Վարդանյանը նշեց, օրինակ, որ կառավարման ներկա եղանակի պայմաններում պետական բոլոր ձեռնարկությունները միասին անցած տարվա ընթացքում ընդամենը 150 հազար դոլարի շահույթ են բերել:

Պատասխանելով նախկինում սեփականաշնորհված եւ ներկայումս անգործության մատնված ձեռնարկությունների ճակատագրին վերաբերող հարցին, Դավիթ Վարդանյանը նշեց, որ գույքը ժամանակին սեփականատերերին տրվել էառանց որեւէ պարտավորությունների:

«Հետ խլել չի կարելի: Անուղղակի հարկային մեթոդներով՝ կարելի է: Պետք է կառավարությունը համարձակորեն գնա դրան: Անուղղակի մեդոթներով կարողանա նրանց ստիպել աշխատացնել այդ ձեռնարկությունները», - ասաց նախարարը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG