Մատչելիության հղումներ

Գործարարները թերահավատորեն են վերաբերում հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունավետությանը


Գործարար աշխարհը դժգոհ է ոչ այնքան հարկերի ծանրությունից, որքան հարկային բեռի անարդար բաշխումից՝ մեկը գործում է գրեթե առանց հարկ վճարելու, քանի որ հզոր հովանավոր ունի, իսկ մյուսները կրում են բյուջեն լցնելու ողջ ծանրությունը։ Բարեխիղճ հարկատուները մտահոգ են, թե Ազգային ժողովի կողմից օրերս ընդունված հարկային փոփոխությունների փաթեթը հազիվ թե բարելավի իրավիճակը։

Արդյունաբերողների եւ գործարարների միությունում հրավիրված ասուլիսում հնչած տեսակետները վկայում են, որ գործարարները հարկային նորամուծություններին կասկածանքով են վերաբերում։

«Միանշանակ մենք գտնում ենք, որ հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները անընդունելի են: Անցած տարի այս օրերին, երբ կառավարությունը ընդունեց մաքսային եւ հարկային փաթեթը՝ մեր կողմից բավական խրախուսելի, հռչակվեց, որ երեք տարի «խաղի կանոնները» չեն փոխվելու», - ասաց միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Արդեն օրենքի ուժ ստացած հարկային նորամուծություններով, հաջորդ տարվա հունվարի մեկից, փաստորեն, ոչ այնքան փոխվում են «խաղի կանոնները», որքան խստացվում է հարկային վարչարարությունը: Նպատակը մեկն է՝ անբարեխիղճ հարկատուներին ստիպել վճարել պետությանը հասանելիք հարկերը:

Վերապահումներ ունեն, սակայն, հենց բարեխիղճ հարկատուները. «Եթե պետք է վարչարարության մեջ մեծանան պետական ծառայողների չարաշահումները, եթե պետք է այս խստացումները ուղղվեն նպատակային այս կամ ոլորտի, այս կամ այն գործարարի հանդեպ, ապա մենք՝ որպես հասարակական կառույց, մեր խոսքը կասենք», - նախազգուշացրեց Արսեն Ղազարյանը:

Թերեւս, գործարարների մտահոգություններն անտեղի չեն։ Առավել եւս, որ 2002-ը նախընտրական տարի է ու, փորձը վկայում է, որ հարկային մահակը կարող է հաջողությամբ կիրառվել այն գործարարների դեմ, ովքեր չեզոք են, կամ, մեղմ ասած, չեն կիսում օրվա իշխանության կարծիքը, ու չեն ֆինանսավորում նրա թեկնածուների գործունեությունը։

Այսօրվա ասուլիսում ասվեց, որ հարկային փոփոխությունների փաթեթի շուրջ գործարարների սկզբունքային առաջարկներից եւ ոչ մեկը, ի վերջո, կառավարությունը չի ընդունել ու անցկացրել է նախնական տարբերակը։ Ասենք, օրենքից հանվել է հարկային մարմինների կողմից ստուգում սկսելուց երեք օր առաջ գործարարին նախազգուշացնելու պահանջը։

Մյուս փոփոխությունը, որին գործարարները կտրականապես դեմ են, այն է, որով հարկային մարմիններին իրավունք է տրվում ստուգման ընթացքում արգելանք դնել գործարարի գույքի ու հաշիվների վրա։ Այդ իրավունքը, ըստ գործարարների ներկայացուցիչների, պետք է վերապահվի բացառապես դատական մարմիններին։

Գործարարների շրջանում կարծիք կա, որ հարկային փոփոխությունների փաթեթի կիրառմամբ ստվերային եկամուտների տնօրինումը գործարարից անցնելու է պաշտոնյայի հայեցողությանը, ինչը ձեռնտու չէ բարեխիղճ հարկատուին: Գործարարները համոզված են, որ ստվերային շրջանառությունը ձեռնտու է բացառապես կաշառակեր պաշտոնյաներին:

«Մենք չենք կարող կողմ լինել ստվերի պահպանմանը: Ստվերի պահպանմանը կարող է կողմ լինել կոռումպացված չինովնիկը, որովհետեւ այդ դեպքում իր հետ բավական «համարժեք» բանակցային հնարավորություններ են ստեղծվում», - ասաց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը: - «Այս վիճակը նույնիսկ ստվերում աշխատող գործարարի համար ձեռնտու չէ: Տարեցտարի նրանք ընկնում են ճահիճը, դառնում են կանխավ կալանավոր որոշակի չինովնիկների ձեռքին»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG