Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվելու Հայաստանի նախկին պետնախարարին


Առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ կատարելու համար մինչեւ տարեվերջ մեղադրանք է առաջադրվելու 1993-1995 թվականներին Հայաստանի էներգետիկայի ոլորտը համակարգող պետնախարար, ԱՄՆ-ի քաղաքացի Սեպուհ Թաշչյանին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Հայաստանի գլխավոր դատախազության քննչական վարչությունից:


Դեռ դեկտեմբերի 13-ին Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը հայտարարել էր, որ շարունակվում է1992-1999 թվականներին էներգետիկայի ոլորտում կատարված չարաշահումների գործի քննությունը: Ասելով, որ կան ձերբակալվածներ էլցանցի նախկին ղեկավար աշխատողներից, դատախազը չէր բացառել նոր ձերբակալությունները:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկություններ հաղորդած աղբյուրի, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ պետնախարարը, չարաշահելով պաշտոնական դիրքը, մի շարք էական թերություններով ու սխալներով է պայմանագիր ստորագրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 5-րդ էներգետիկ բլոկի շինարարությունն ավարտելու եւ շահագործելու վերաբերյալ: Արդյունքում ձախողվել եւ առ այսօր ավարտին չեն հասցվել էներգաբլոկի շինարարական աշխատանքները:

Պետությանը հասցված վնասի չափերը ճշտվում են: Պայմանագրով նախատեսված 57.4 մլն դոլարը պետք է տրամադրեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, իսկ 25.5 մլն դոլարը՝ Հայաստանի կառավարությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալներով, պետնախարարը, առանց հայ մասնագետների հետ խորհրդակցելու եւ նրանց բանակցային փուլում ընդգրկելու, սխալ հաշվարկներ է կատարել, չի հստակեցրել ֆինանսական աղբյուրները, գումարի հատկացման կարգն ու հերթականությունը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի, սխալն այնքան ակնհայտ ու աչք ծակող է, որ հազիվ թե պետնախարարը այն նկատած չլիներ: Առայժմ պարզ չէ, թե այս գործով ուրիշ բարձր պաշտոնյաներ ունե՞ն, արդյոք, մեղքի իրենց բաժինը:

Պարզ չէ նաեւ, թե մեղադրանքն առաջադրելուց հետո ինչպես են նախկին պետնախարար Սեպուհ Թաշչյանին պատասխանատվության ենթարկելու կամ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու, քանի որ իշխանափոխությունից հետո Թաշչյանը հեռացել է Հայաստանից ու ներկայումս ապրում է ԱՄՆ-ում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG