Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քաղաքական տարին ավարտվեց. վերջին խոսքը նախագահինն էր, - հավաստում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, որի ձեւակերպմամբ, 44048 աշխատատեղը դատավճիռ էր մյուս նժարին գտնվող քաղաքական անհաջողակների ճամբարի համար, եւ ինչքան էլ վերջիններս հիմա թիկունքից աղմկեն՝ այդ թվով սկսվում է մեր նորագույն պատմության հետհհշական փուլը:

Բնականաբար, այս գնահատականները բոլորը չէ, որ կիսում են: Թերեւս անպտուղ համարելով անգամ ներկայացվող թվերի հավաստիության շուրջ բանավիճելը, «Առավոտ» թերթը այսօր առանձնացրել է. «Ամենակարեւոր բանը, որը Ռ.Քոչարյանն ասաց իր վերջին ասուլիսում, հետեւյալն է. թող ոչ ոք չմտածի, որ սահմանադրական փոփոխություններն անձամբ իրեն պետք են: Բոլորովին էլ պետք չեն: Ավելին՝ նախագահի լիազորությունների սահմանափակումը կարող է վնասակար լինել՝ Ղարաբաղի հարցի առկայության եւ ներկա բարդ աշխարհաքաղաքական վիճակում»: Բայց քանի որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին սխալմամբ խոստացել է, հիմա այսպես բարի կամք է ցուցաբերում: Մնում է միայն «քաղաքացիները հասկանան իրենց նախագահի թափանցիկ ակնարկները եւ միահամուռ դեմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին», - եզրափակել է «Առավոտ»-ը:

«Իրավունք» թերթը Ռոբերտ Քոչարյանի անկեղծությանը չի հավատում, մատնանշելով. «Ի՞նչ լավության մասին է խոսքը եւ առավել եւս՝ նախագահի լիազորությունների սահմանափակման, եթե սահմանադրական փոփոխությունների նախագահական տարբերակում նախագահի լիազորությունները 18-ով աճում են»: Մեկնաբանի ընկալմամբ, «Ռոբերտ Քոչարյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր թիվ մեկ քաղաքական հակառակորդն է համարում ոչ թե ռեւանշի ձգտումներով տառապող ՀՀՇ-ածին ուժերին կամ հականախագահական եռյակին, այլ կառուցողական գաղափարի շուրջ համախմբված չափավոր քաղաքական ուժերին»: Այնպես որ առաջիկայում կատաղի քաղաքական պայքար է ենթադրվում հենց այս հարթությունում:

«Ազգ» թերթի մեկնաբանն էլ այսօր գրում է. «Նման կտրուկ հայտարարությունն էական ազդեցություն է թողնելու քաղաքական դաշտի վրա՝ ստիպելով տարբեր ուժերի հստակ կողմնորոշվել, թե որ տարբերակին են կողմնակից: Դա ավելի է խորացնելու իշխանություն - ընդդիմություն առճակատումը եւ ստիպելու է վերջիններիս ամեն ջանք գործադրել հատկապես խորհրդարանում հնարավորինս շատ ձայներ ստանալու համար... Եթե խորհրդարանը գնա այլընտրանքային նախագծի ներկայացման եւ նախագահի հետ միաժամանակ հանրաքվեի դնելու ճանապարհով, նախագահն անպայման, ինչպես հայտարարել է, վետո է դնելու խորհրդարանական տարբերակին, ինչի հաղթահարման համար 2/3 ձայներ կպահանջվեն... Սակայն ընդդիմադիր հնգյակը, հասկանալով այս իրողության նրբությունը, կարող է մեկ այլ ուղղությամբ աշխատել եւ նախագահին պատասխան գրոհով սպառնալ. խորհրդարանից ընդամենը 66 ձայն կպահանջվի դեմ քվեարկելու նախագահի ներկայացրած տարբերակին: Այդ դեպքում նախագահական տարբերակը պարզապես հանրաքվեի չի դրվի»: Մեկնաբանի հայացքով, սակայն, Ազգային ժողովում այդպիսի զարգացումներ չեն լինի:

Երեկ Արագածում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է «Առավոտ»-ը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ասել է. «Մեր խորհրդարանը վերահսկվում է գործադիր իշխանության կողմից եւ հնարավորություն չունի լիարժեք կատարել հասարակության առջեւ ունեցած իր պարտավորությունները»:

«Ռ.Քոչարյանը հայտարարեց, որ Սահմանադրության երկրորդ նախագիծ չի լինելու՝ ինքը դա թույլ չի տա: Դա նախագահին հարիր գործելակերպ չէ», ժողովուրդը ընտրության հնարավորություն պիտի ունենա, - ընդգծել է Բազեյանը, ըստ որի «նախագահի վկայակոչած թվերն էլ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ նաեւ նրա ապրելակերպին հետեւելով, չի նկատվում վիճակի իրական բարելավում»: «Նախագահի վկայակոչած տնտեսական աճը շոշափում են միայն ինքը, նրան սատարող ուժերը եւ «27»-ի ոճրագործները», - կապակցել է պարոն Բազեյանը:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փորձել է «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասնակիցների հետ զրույցով պարզել՝ «Ի՞նչ է տվել յոթ ամսվա դատաքննությունը»: Բերված պատասխաններում որեւէ վերջնական եզրահանգում չկա, եւ խոսքը դեռեւս ավելի շատ հավատալ-չհավատալու հակվածության տիրույթում է: Փաստաբան Ռուբեն Սահակյանը, մասնավորապես, չի հավատում վկաներին, չի հավատում դրսից ազդեցություններին եւ հավատացնում է, որ այս ծավալի գործում ուղղորդել հնարավոր չէ: Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը նշում է. «Ահավոր մեծ հակասություններ են ի հայտ եկել դատաքննական ցուցմունքների մեջ: Իրենց ասածներին էլ ես չեմ հավատում: Եթե անգամ իրենք այսօր անուն տան, ես էլի չեմ հավատալու, որովհետեւ ինձ ճշմարտությունն է հարկավոր: Իսկ ճշմարտությունը այն ժամանակ կպարզվի, երբ ապացույցների հետազոտման փուլը սկսվի»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանին հարց է ուղղել՝ «Միշտ նշում եք, որ կգա ժամանակը՝ կխոսեք այն ամենի մասին, ինչ կատարվել է, երբ ձերբակալված էիք: Ե՞րբ է գալու խոսելու ժամանակը»: Պատասխանը հետեւյալն է. «Թեպետ ասում եմ՝ կգա ժամանակը, կխոսենք, բայց մինչ այժմ ինձ թվում է, բավական բան արդեն ասել եմ: Իսկ հիմնական ասելիքս կներկայացնեմ այն պահին, երբ վստահ կլինեմ, որ այն չի դիտվի կամ ընկալվի որպես ընթացող դատավարությունը շեղելու փորձ»: Հարությունյանը նաեւ ընդգծել է. «Եթե ինչ-որ բան անեմ, պետք է իմանամ, որ դա ճշմարտության բացահայտման, արդարության վերականգնման եւ մեղավորների պատժման տեսանկյունից հետեւանք պետք է ունենա: Չեմ կարող միայն ասել «Ա», չասել մնացած տառերը եւ կանգնել նայել, թե ինչ է կատարվում»:

Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը «Ժամանակ» թերթում հավաստիացնում է, թե հանրապետությունում քրեածին իրավիճակը միանգամայն կայուն է ու վերահսկելի: «Իսկ ընդհանրապես հանրապետությունում կա՞ն զինված հանցագործ խմբավորումներ, որոնք դեռ բացահայտված չեն եւ շարունակում են իրենց գործունեությունը» հարցին գլխավոր դատախազը պատասխանում է. «Կան: Այսօր էլ, ցավոք, գործում են հանցավոր բանդաներ, որոնք ավտոմատներով զինված, դիմակներով քողարկված՝ խաբեությամբ մուտք են գործում բնակարաններ եւ զենքի սպառնալիքով կատարում ավազակային հարձակումներ: Իրավապահ մարմինները աշխատում են, եւ այդ հանցագործ խմբավորումները վաղ թե ուշ կձերբակալվեն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG