Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հերքում է, թե իր այցի նպատակը միջոցներ հավաքելն էր


Ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը կտրականապես հերքում է, թե Միացյալ Նահանգներ կատարած իր այցը գումարներ հավաքելու նպատակ է հետապնդել: ՀԺԿ նախագահը չի բացառում կուսակցության տեղական կազմակերպությունների ստեղծումը ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում:

«Հերթական ստոր սադրանք է, որ իրականության հետ որեւէ կապ չունի», - «Ազատություն ռադիոկայանին այսօր ասաց Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով հայաստանյան որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, թե ԱՄՆ կատարած այցի հիմնական նպատակը գումարներ հավաքելն էր:

Նա շատ կարեւոր եւ արդյունավետ է համարում Միացյալ Նահանգներում իր ունեցած հանդիպումները ամերիկահայ կազմակերպությունների, մտավորականության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ստեփան Դեմիրճյանի տպավորությամբ, շատ մեծ է ամերիկահայերի կամեցողությունը նպաստավոր գործունեություն ծավալել, ներդրումներ կատարել Հայաստանում: Սակայն՝ «Շատ է հուզում սփյուռքահայերին կոռուպցիայի հարցը: Բոլորը գտնում են, որ այս իրավիճակում, այս կոռուպցիայի պայմաններում, դա արդյունավետ կերպով հնարավոր չէ իրագործել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Սփյուռքն ունի լուրջ ներուժ եւ շատ կարեւոր է, որ այն արդյունավետ օգտագործվի: ՀԺԿ նախագահի խոսքերով, կուսակցությունը անհրաժեշտ եզրակացություն կանի եւ այսուհետեւ շատ լրջորեն կաշխատի սփյուռքահայ կառույցների հետ, մանավանդ որ տեղերում ՀԺԿ կառույցներ ստեղծելու «ցանկություններ կան թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ թե Ռուսաստանում»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG