Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները կքննարկեն պարտքի մարման հարցը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային երկօրյա այցով մեկնեց Մոսկվա: Բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից է Ռուսաստանի՝ 94 միլիոն դոլարի պարտքի մարման խնդիրը:

Հայաստանի պատվիրակության կազմում են Հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի համանախագաh, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, արդյունաբերության եւ առեւտի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Դեռ ուրբաթ օրը նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասել էր, որ վերջնական փաստաթղթերի ստորագրում այցի ընթացքում չի նախատեսվում:

Ամիսներ ի վեր շրջանառվում է «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում այդ Ռուսաստանի ունեցած պարտքը մարել հայաստանյան մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները Ռուսաստանին փոխանցելու մասին հարցը: Շահագրգիռ են, կարծես, երկու կողմերն էլ, բանաձեւը, սակայն, առայժմ իրականություն չի դարձել:

Նախագահ Քոչարյանը երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել «Գազպրոմ» եւ «Իտեռա» ընկերությունների ղեկավարության հետ: Նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ հանդիպումները ծրագրված են վաղը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG