Մատչելիության հղումներ

logo-print

Քոչարյանը հայտարարում է աշխատատեղերի ստեղծման խոստումը կատարելու մասին


Մեկ տարվա ընթացքում Հայաստանում բացվել է 44048 աշխատատեղ: Ընդ որում, այս թիվը փակված եւ բացված աշխատատեղերի տարբերությունն է, ուր նաեւ ընդգրկված չեն ժամանակավոր, սեզոնային աշխատատեղերը:

Անցյալ տարվա նոյեմբերի 2-ին նախագահ Քոչարյանի՝ մեկ տարվա ընթացքում 40 հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստման իրականացումը ներկայացնելուն էր նվիրված այսօրվա մամուլի ասուլիսը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին օգնում էին՝ հարկ եղած դեպքում պարզաբանումներ տալով, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ վիճակագրության ազգային ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը:

Նախագահը խոստովանեց, որ աշխատատեղերը հաշվարկը շատ բարդ աշխատանք էր. Հայաստանում նման հաշվարկներ չէր արվել, մեթոդաբանություն չկար, փաստորեն առաջին անգամ վարչական մոնիտորինգ է անցկացվել:

Իսկ արվել է, ինչպես ներկայացվեց, հետեւյալը. ամփոփվել են գործադիր մարմիների՝ նախարարությունների, մարզպետարանների, աշխատանքի եւ զբաղվածության ծառայության ներկայացրած տվյալները:

Լրագրողներին բաժանված փաթեթներում ներկայացված են նորաբաց աշխատատեղերը՝ ըստ ոլորտների եւ մարզերի:

«Ներկայացված նյութը իր բովանդակությամբ եւ բոլոր բացառություններով աշխատել ենք մոտեցնել մաքսիմում արժանահավատ լինելու ձգտումով», - բառացիեորեն ասաց Կարեն Ճշմարիտյանը, փաստարկելով, որ հաշվի չեն առնվել ժամանակավոր աշխատատեղերը՝ ասենք մարդահամարի անցկացմանը մասնակցած 15 հազար մարդկանց: - «Ընդհանուր առմամբ, մոտավորապես 35 հազարից ավելի, փաստորեն, հաշվի չենք առել»:

Ստեղծված աշխատատեղերը բաժանվում են 2 խմբի՝ նոր եւ լրացուցիչ: Նորերը դրանք վերաբացված կամ նոր ստեղծված ձեռնարկությունների աշխատատեղերն են, իսկ լրացուցիչները՝ գործող ձեռնարկությունների ընդլայնման հաշվին բացված աշխատատեղերը:

Ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության 3 տարիների ընթացքում Հայաստանում 163 հազար աշխատեղ է փակվել, պնդելով, ընդ որում, որ այդ թիվը հիմնավորված է պաշտոնական տվյալներով:

Այսօրվա ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ այդ հայտարարությունը չի լսել: Այդուհանդերձ նախագահը ասաց. «Մենք արել ենք ամեն ինչը, որ արժանահավատ լինեն այս թվերը, որոնք ներկայացված են, եւ նաեւ դուք ստուգելու հնարավորություն ունենաք... Հիմա օդից կարելի է հարյուր մի բան ասել, կարելի է 200 հազար ասել...»:

Վիճակագրական ծառայութան ղեկավար Ստեփան Մնացականյանը ենթադրեց, թե Արտաշես Գեղամյանը, հավանաբար, զբաղվածության տվյալներից է օգտվել: Ռոբերտ Քոչարյանն էլ ավելի հստակեցրեց՝ օրինակ «Կանազում», «Գրանդ Սանում» վերաբացումից հետո ավելի քիչ մարդ է աշխատում, քան նախկինում, եւ եթե հարցին մոտենանք պատգամավորի տրամաբանությամբ կստացվի, որ վերաբացվելուց հետո աշխատեղերի ցուցանիշը դեռ բացասական է:

Նախագահը պատասխանեց նաեւ սահմանադրական փոփոխությունների տարբերակներին վերաբերող հարցին: Երկրի խորհրդարանական կառավարման դեպքում «մենք մի պառլամենտական ճգնաժամից մտնելու ենք մյուսը... եւ սա հավերժ է լինելու: Երկիրը կործանելու ուղղակի ուղիղ ճանապարհ է»:

Նախագահի խոսքերով, սահմանադրական փոփոխությունների երկրորդ տարբերակ չի կարող լինել: Փոփոխություններ կարող է առաջարկել նախագահը: Եթե Շավարշ Քոչարյանը շատ է ցանկանում նախագիծ ունենալ՝ «ապա առնվազն ինքը պիտի փորձի դառնալ նախագահ, որից հետո իբրեւ այդ սահմանադրական բարեփոխումների սուբյեկտ հանդես գա ժողովրդի առջեւ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Չկա երկրորդ նախագիծ եւ չի լինելու երկրորդ նախագիծ»:

Իսկ Ազգային ժողովի կողմից ձայների որակյալ մեծամասնությամբ (2/3-ը) երկրորդ տարբերակը ընդունվելու դեպքում, նախագահի խոսքերով՝ «Եթե իրենք ունենան Ազգային ժողովում 2/3-ը, ապա ես չգիտեմ ե'ս այստեղ ինչ եմ անում: Ուրեմն ես չպետք է լինեմ, կամ այդ Ազգային ժողովը չպետք է լինի»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG