Մատչելիության հղումներ

Դոնորները հաստատում են բաշխիչ ցանցերը կառավարման հանձնելու ծրագիրը


Հայաստանի հիմնական ֆինանսական դոնորների ներկայացուցիչների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դոնորներին հավաստիացրել է, որ Հայաստանի բաշխիչ ցանցերը, որոնց մասնավորեցման միջազգային մրցույթը երկու անգամ տապալվել է, հանձնվելու են որոշակի ժամկետով որեւէ մասնավոր ներդրողի՝ հավատարմագրային կառավարման։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը շեշտել է թե, դոնորները գոհ են ցանցերի մասնավորեցման մրցույթի անցկացման հարցում կառավարության գործադրած ջանքերից՝ մրցույթի չկայացումը բացատրելով արտաքին գործոններով, հիմնականում՝ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ստեղծված անբարենպաստ ներդրումային իրավիճակով։

«Դոնորները կառավարության ներկայացրած այլընտրանքային ծրագիրն ընդունելի են համարում, թեեւ, դրանից այն արդյունքները չեն ակնկալվում, ինչ ցանցերի մասնավորեցման դեպքում, սակայն, ընդունում են, որ այդ ծրագիրը կենսունակ է, եւ իրենք պատրաստ են ֆինանսավորել այդ ծրագրի տարբեր բաղադրիչները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Համաշխարհային բանկի Էներգետիկ ոլորտի բարեփոխումների գծով գլխավոր խորհդրական Սալման Զաիրը։

Նրա խոսքերով, կառավարությունը պարտավորվել է առաջիկա 10 օրվա ընթացքում կազմել մրցույթի անցկացման ժամանակացույցը, իսկ մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը դոնորներին ներկայացնել ցանցերի օպերատիվ կառավարմանը վերաբերող քայլերի ամբողջական փաթեթը:

Սալման Զաիրը ընդգծեց կառավարումը պրոֆեսիոնալ, ապահով եւ քաղաքական ճնշումներից զերծ պատասխանատու կառավարիչների խորհրդին հանձնելու կարեւորությունը:

Այս տարվա բյուջեում ծրագրված ՍԱՔ-4 վարկի վերջին՝ 20 միլիոն դոլարի մասաբաժնի հատկացման խնդրի կապակցությամբ Սալման Զաիրը ասաց, որ վարկի այդ չափաբաժինը կվերաձեւակերպվի ու ամենայն հավանականությամբ, այլեւս չի կապվի ցանցերի հավատարմագրային կառավարման մրցույթի ուղղակի արդյունքների հետ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG