Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ձախողման առիթով «Հայոց Աշխարհ» թերթում գրանցվում է՝ «Պատմությունը ցույց է տալիս՝ հենց որ հայերն ու թուրքերը նստում ու խոսում են իրար հետ եւ տարբեր թեմաներ շոշափելուց հետո անցնում Հայոց ցեղասպանության խնդրին, ապա վստահաբար կարելի է պնդել, որ նրանց խոսակցությունը շուտով ավարտվելու է»: Իսկ տվյալ դեպքի խորքային ծալքերից մեկնաբանը մատուցում է. «Երբ Եվրամիության կողմից Թուրքիայի առջեւ դրվող նախապայմանների ցանկից հանվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հանձնաժողովի հայ անդամները ուշացումով գլխի ընկան, որ իրենց պարզապես օգտագործում են: Գլխի ընկան, որ տվյալ պահին հենց թուրքերին է ձեռնտու Ցեղասպանության հարցի արծարծումը՝ նրան «արժանի» հակահարված տալու համար»:

«Երբ միջնորդ կողմին պարզ դարձավ, որ հայ հասարակությունը հասկանում ու մերժում է հանձնաժողովի ձեւավորման իրական նպատակը եւ Հայոց ցեղասպանության խնդիրը քաղաքական ասպարեզից հանելու համար նախատեսված հանձնաժողով-գործիքը իր դերը չի կատարում, նա փորձեց «Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի» ներգրավումով գոնե մշակել մի բանաձեւ, որը երկու կողմերին էլ հնարավորություն կտար մնալ իրենց տեսակետների վրա, բայց պահպանել հանձնաժողովի գոյությունը», - պատմությունն է անում մեկնաբանը: - «Միջնորդների ուխտադրժությունից զայրացած՝ թուրքերը հենց իրենց ձեռքով կոտրեցին այն ցախավելը, որն այլեւս չէր ծառայում իր նպատակին՝ դրանով իսկ բացահայտելով թե' իրենց եւ թե' հանձնաժողովի ստեղծման շուրջ շահագրգիռ Արեւմուտքի քաղաքական որոշակի շրջանակների իրական նպատակները»:

Հանձնաժողովի գործունեությունը ուղեկցվեց անակնկալ շրջադարձերով, եւ նրա գործունեության դադարեցումն էլ անակնկալ էր: Բայց «երբեմն քաղաքականության մեջ հաճելի անակնկալները տհաճ հետեւանքներ են ունենում», - դեռեւս բազմակետ է դնում «Ազգ» թերթի վերլուծաբանը: «Հայ եւ թուրք ժողովուրդներին հաշտեցնելու փորձի տապալման լուրը ոչ մեկի ափսոսանքը չառաջացրեց», - արձանագրում է «Առավոտ» թերթի խմբագրականը։ - «Դաշնակցությունը այլեւս կարող է հանգիստ քնել։ Թուրքիայի «Գորշ գայլերը»՝ եւս։ Հաշտություն չի լինի։ Կլինի թշնամանք, ատելություն եւ վրեժ։ Իսկապես որ, ցնծալու առիթ կա»։

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունում ստեղծված վիճակի իր դիտարկումները ներկայացնելով «Հայոց Աշխարհ» թերթում, Արամ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Ջանոյանը նշում է. դրա «հիմքերը դրվել էին վաղուց, երբ կողմերին պարբերաբար ուղղված Նաիրի Հունանյանի վիրավորանքները չկանխվեցին: Բանը հասավ նրան, որ ամբաստանյալը փորձեց դատարանին թելադրել իր կամքը... Գտնում եմ՝ դատարանի թուլությունն է պատճառը, որ ամբաստանյալը բոլոր սահմաններն անցել է»: Մյուս կողմից, փաստաբանը միանշանակ արձանագրում է, որ ամբաստանյալների խումբը պառակտվել է: Նրա հայացքով, մասնավորապես, «Կարեն Հունանյանը չի ուզում, որ հանրությունը մտածի, թե ինքը հասարակ զինվոր կամ սուրճ տանող-բերող է միայն, ինչպես բնութագրել է ավագ եղբայրը, այլ իրենից ինչ-որ բան ներկայացնում է...Որոշ հարցերում Կարեն Հունանյանն անկառավարելի է եւ իր սեփական դատողություններն է ներկայացնում: Դրանից էլ վախենալով՝ Նաիրի Հունանյանը գնաց եղբոր բերանը փակելու քայլին ու ցուցմունքներ չտալու ուղղակի ցուցում տվեց, այլապես նա կարող էր սխալը սխալի հետեւից թույլ տալ»:

Ամեն դեպքում Մարինե Ջանոյանը կարծում է՝ Կարեն Հունանյանը որոշ բաներ կասի, որովհետեւ եղբոր նման շատ է սիրում խոսել եւ չի կարողանում իրեն զսպել:

Պողոս Պողոսյանի սպանության շուրջ գլխավոր դատախազի երեկվա արտահայտությունները «Հայկական ժամանակ»-ին է'լ ավելի են մղել ենթադրելու, որ ի վերջո մեղադրվելու է ինքը՝ սպանվածը՝ սեփական անփութության հետեւանքով իրեն մահ պատճառելու հոդվածով: «Դատաքննությունը երեւի կտեւի ոչ ավելի, քան նախաքննության ժամկետը, եւ Կուկուն հնարավորին չափ շուտ կվերադառնա պաշտպանելու նախագահի անվտանգությունը», - կանխանշել է թերթը:

«Ժամանակ» թերթի մեկնաբանն էլ այսօր արդեն կանխատեսում է բյուջեի նախագծի քվեարկության արդյունքները՝ այն ելակետից, որ «այս խորհրդարանում անվերահսկելի ելույթներ ինչքան ասես լինում են, անվերահսկելի գործընթացներ՝ երբեք»: Ըստ այդմ՝ չորս օր անց դեմ են քվեարկելու միայն մոտ 20 հոգի՝ «Կոմկուսի խմբակցությունը, «Հայաստան» խումբը, «Ազգային միաբանությունը ներկայացնող մի քանի պատգամավոր», ու եւս մի քանի անկախ պատգամավոր:

Այս ընթացքում, ինչպես «Իրավունք» թերթն է հավաստում՝ «Ակտիվ սակարկություններ են ընթանում քաղաքական ուժերի եւ վարչապետի միջեւ: Միաժամանակ այնքան էլ պարզ չէ, թե ինչ կարող է առաջարկել Անդրանիկ Մարգարյանը կողմ քվեարկելու դիմաց, քանի որ մշուշոտ է վարչապետի երկարակեցության հարցը. հունվարի երկրորդ կեսին ոմանք ակնկալում են վարչապետի եւ կառավարության փոփոխություն»:

Նախագահական ընտրությունների կտրվածքով «Իրավունք»-ը Ռոբերտ Քոչարյանին հակադիր բեւեռի ձեւավորում է կրկին տեսնում նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի շուրջ, նշելով. «Վերջինս վայելում է ինչպես անգլո-ամերիկյան բլոկի, այնպես էլ նախկին իշխանությունների աջակցությունը, միաժամանակ կա եւ' ներքաղաքական, եւ' արտաքին քաղաքական ճնշում Դեմիրճյան - Սարգսյան - Գեղամյան հականախագահական եռյակի վրա, որպեսզի վերջինս համաձայնի պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG