Մատչելիության հղումներ

Ավարտվեց բյուջետային քննարկումների առաջին փուլը


Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր միակ հռետորն էր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ, որ պաշտպանեց 2002 թվականի բյուջեի նախագիծը՝ ներկայացնելով «Միասնություն» խմբակցության տեսակետը:

«Խմբակցությունը եւ' ակտիվ է մասնակցել բյուջեի քննարկումներին, եւ' ինքը իր ներսում բավականին լուրջ քննարկումներ է կազմակերպել ու դրական մոտեցումներ ունի բյուջեի նկատմամբ», - ասաց Գալուստ Սահակյանը:

ԱԺՄ խմբակցության անդամ Սեմյոն Բաղդասարյանն իր ելույթում բյուջեի նախագիծը որակեց որպես «պետության ֆունկցիան արտահայտող», իսկ «Հայաստան» խմբի նախագահ Մյասնիկ Մալխասյանն ասաց, որ պաշտոնական շրջանակներն անգամ չեն ժխտում, որ հանրապետությունում տնտեսության 65-70 տոկոսը ստվերային է:

«Մենք քննարկում ենք ընդամենը այն 30 տոկո՞սը... 70 տոկոսը ո՞վ պիտի քննարկի», - ասաց Մյասնիկ Մալխասյանը:

«Ժողովրդական պատգամավոր» խմբի տեսակետը ձեւակերպեց պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, արձանագրելով, թե ամեն տարի բյուջետային քննարկումների ժամանակ կրկնվում է նույն պատմությունը, թե՝ այս տարի փաստաթուղթը ընդունեք, հաջորդ տարի կբարելավենք:

«Էական նշանակություն չունի կընդունենք այս բյուջեն, թե ոչ... Գոյատեւման եւ պահի խնդիրներ լուծելու բյուջե է այս բյուջեն, ինչպես մնացած բոլորը», - ասաց Բաղդասարյանը, առաջարկելով, որ կառավարությունը ներկայացնի եռամյա կամ հնգամյա գործունեության համալիր ծրագիր, ուր կնախատեսվի, թե ինչպիսին պիտի լինեն երկրի աստիճանական զարգացման ուղղությունները:

ԱԺ լիագումար նիստում բյուջետային քննարկումների ավարտից հետո խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց կանոնակարգային գործընթացը. «Պետք է հայտարարվի հարցի քննարկման ընդմիջում առնվազն չորս օրով: Պատգամավորները 24 ժամվա ընթացքում ներկայացնում են առաջարկություններ»:

Պատգամավորների առաջարկությունների հիման վրա կառավարությունը պետք է լրամշակի նախագիծը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, բոլոր առաջարկությունը ընդունելու դեպքում բյուջեի ծախսերը կավելանան 16.4 միլիարդ դրամով, իսկ «բյուջեն այդպիսի հնարավորություններ չի կարող ունենալ»:


Արմեն Զազարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG